Տարոն Մանուկյանը, Գոռ Սարգսյանը և մյուսները կշարունակեն մնալ կալանավորված. «Գյումրիի տարեցների» գործով դատարանն անփոփոխ թողեց երիտասարդների խափանման միջոցը. Փաստինֆո
Փաստինֆոն գրում է. Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռոման Սմբատյանի նախագահությամբ, անփոփոխ թողեց «Գյումրիի տարեցների» գործով մեղադրյալներ Տարոն Մանուկյանի, Արսեն Մարտոյանի, Գոռ Մաթևոսյանի, Գոռ Սարգսյանի, Գևորգ Մուրադյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին ընդդիմադիր գործիչների նախաձեռնությամբ Գյումրիում հանրահավաք է եղել։ Նույն օրը Գյումրու Երևանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառում միջադեպ-վիճաբանություն է տեղի ունեցել։
Մասնավորապես, կանգառում կանգնած տարեց տղամարդիկ՝ 74, 56, 72 և 84 տարեկան, հայհոյանքներ են հնչեցրել դաշնակցական երիտասարդների հասցեին, ձվեր նետել վերջիններիս ուղղությամբ, ինչից հետո վիճաբանություն է տեղի ունեցել։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, տարեց տղամարդիկ տուժող են ճանաչվել։ Քրեական գործով մեղադրյալները յոթն են՝ Տարոն Մանուկյանը, Գոռ Սարգսյանը, Հոսիեկ Սարկիսյանը, Արսեն Մարտոյանը, Գոռ Մաթևոսյանը, Գևորգ Մուրադյանը և Վելիխան Խլղաթյանը։ Վերջիններս մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Բացառությամբ Վելիխան Խլղաթյանի և Հոսիեկ Սարկիսյանի՝ բոլոր մեղադրյալները կալանավորված են։
Այսօր կայացել է դատական առաջին նիստը, որի ընթացքում դատարանը՝ դատաքննության նախապատրաստման փուլում քննարկել է կալանքի տակ գտնվող անձանց խափանման միջոցը վերահաստատելու կամ փոխելու հարցը։
Քիչ առաջ դատարանը հրապարակեց որոշումը՝ անփոփոխ թողնելով նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։