211652_close_icon
views-count113788 դիտում article-date 19:54 22-05-2022

Իսկական կինո Լոռու մարզում. պարեկները BMW-ի ու Niva-ի վարորդների նկատմամբ կիրառել են ֆիզիկական ուժ և օգտագործել արցունքաբեր հատուկ միջոց. կան բերման ենթարկվածներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության Թումանյանի բաժնում նյութեր են նախապատրաստվում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու փաստով:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված նյութերը նախապատրաստվում են մայիսի 20-ին Լոռու մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով:
 
Այդ օրը՝ ժամը 19:40-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի 2-րդ վաշտի 4-րդ դասակի պարեկ Սահակ Կ.-ն և կրտսեր պարեկ Ալբերտ Հ.-ն, ծառայություն կատարելու ժամանակ՝ Թեղուտ գյուղի վարչական տարածքում, կանգնեցրել են ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենան:
 
Սակայն վարորդ, Լոռու մարզի բնակիչ, Սևակ Ղ.-ն հրաժարվել է պարեկներին ներկայացնել վարորդական վկայականն ու ավտոմեքենայի հաշվառման վկայագիրը:
 
Պարեկները ունեցել են կասկածներ, որ նա արտաքինից գտնվում է ակնհայտ ոչ սթափ վիճակում:
 
Ըստ կարգի, պարեկները նրան հայտնել են, որ պետք է ստուգվի սթափության վիճակը, ապա կազմվեն համապատասխան արձանագրություններ, որից հետո ավտոմեքենան տեղափոխվելու է ոստիկանության Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք, քանի որ վարորդը հրաժարվում է ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը:
 
Այդ ամենից հետո սկսվել է վիճաբանություն և Սևակ Ղ.-ն սկսել է քաշքշել պարեկներից մեկի համազգեստից և հայհոյանքներ տալ, որից հետո սպառնացել է, որ հիմա կկանչի իր ընկերներին, ովքեր կգան և չեն թողնի, որպեսզի ավտոմեքենան տեղափոխվի պահպանվող հատուկ տարածք:
 
Պարեկ Ալբերտ Հ.-ն, երբ փորձել է միջամտել, Սևակ Ղ.-ն իր ձեռքին գտնվող ձեռնափայտով փորձել է հարվածել: Այդ ընթացքում նշված վայր է մոտեցել BMW մակնիշի ավտոմեքենա, որից իջել են 4 հոգի և BMW-ի վարորդ Դավիթ Դ.-ն ագրեսիվ վիճակում փորձել է հարվածել պարեկին, ով էլ նրանց նկատմամբ օգտագործել է արցունքաբեր հատուկ միջոց, որից հետո նշված անձինք դիմել են փախուստի՝ իրենց հետ տանելով Սևակ Ղ.-ին:
 
Կատարվածի մասին պարեկները տեղեկացրել են Պարեկային ծառայության Լոռու գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանին և գումարտակի ծառայության ավագ պարեկ Արման Սուքիասյանին: Վերջիններիս հանձնարարականով ժամանած մյուս պարեկների հետ, 2 հոգու օրենքով նախատեսված համապատասխան ֆիզիկական ուժ կիրառելով, բերման են ենթարկել ոստիկանության Թումանյանի բաժին, իսկ Niva-ն ու BMW-ն՝ պահպանվող հատուկ տարածք:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով, կատարված ստուգումների արդյունքում պարզվել է, որ Սևակ Ղ.-ն վարորդական վկայական չունի, ինչպես նաև՝ Niva-ն ու BMW-ն տեխզննում չեն անցել:
 
Պարեկային ծառայության Լոռու գումարտակի ու ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ BMW-ի մյուս 2 ուղևորների ինքնությունները պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով, փաստի առթիվ կազմված նյութերը ուղարկվել են Լոռու մարզի դատախազություն՝ հետագա ընթացքը որոշելու համար:
 
Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր