211652_close_icon
views-count1053 դիտում article-date 20:16 03-05-2022

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել Ճապոնիայի ԱԳ նախարարի խորհրդարանական տեղակալի գլխավորած պատվիրակության հետ

Մայիսի 3-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունեց  Ճապոնիայի ԱԳ նախարարի խորհրդարանական տեղակալ Տարո Հոնդայի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման սկզբում կողմերը շնորհավորանքներ փոխանակեցին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ՝ նշելով տարելիցի կարևորությունը երկկողմ օրակարգն առավել զարգացնելու համար։

Մնացական Սաֆարյանը կարևորեց հայ-ճապոնական հարաբերությունների հետագա զարգացումն ու ամրապնդումը, տնտեսական համագործակցության ակտիվացումը՝ արժևորելով Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանում իրականացվող պաշտոնական օգնության ծրագրերը։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրեց ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող բացահայտ ոտնձգությունների հետևանքով ստեղծված իրավիճակը, ինչպես նաև՝ Լեռնային Ղարաբաղի համակարտության շուրջ վերջին զարգացումները, և վերահաստատեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո ԼՂ հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման անհրաժեշտությունը։

Տարո Հոնդան նշեց, որ իր այցը նպտակ ունի ակտիվացնելու հայ-ճապոնական երկխոսությունը և գոհունակություն հայտնեց «Օսակա 2025» միջազգային ցուցահանդեսին ՀՀ մասնակցության հաստատման վերաբերյալ։ Նա վերահաստատեց Ճապոնիայի դիրքորոշումն առ այն, որ ԼՂ հիմնահարցը պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների միջոցով՝ կարևորելով կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև բազմակողմ հարթակներում հայ-ճապոնական համագործակցությանը, կարևորվեցին հետագա մշակութային փոխանակումները, համագործակցությունը զբոսաշրջության ոլոտում։

Նմանատիպ նյութեր