«ՍԱՍ»-ի Արտակը՝ «Պանդորայի փաստաթղթերում». նախկին պատգամավորը չի հայտարարագրել արտերկրում գրանցված ընկերությունները. «Հետք»
«Հետքը» գրում է. Գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանն իր հայաստանյան բիզնեսին աջակցելու նպատակով ընկերություններ է հիմնել արտերկրում: Սրանց հետ իր կապը քողարկելու համար նախկին պաշտոնյան օգտագործել է օֆշորում գրանցված ձեւական ընկերություններ, իսկ մի պարագայում էլ որպես վերջնական շահառու (բենեֆիցիար) սեփականատեր գրանցվել է նրա զոքանչը:
Սարգսյանի հայտարարագրերում այս ընկերությունների մասին ոչինչ չկա, այնինչ 2017-ի հուլիսից հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելը կամ տվյալ թաքցնելը քրեորեն պատժելի արարք է: Առավելագույն պատիժը կարող է լինել 4 տարի ազատազրկումը:
Սարգսյանի արտասահմանյան ընկերությունների մասին տվյալները եւ դրանց ներկայացուցիչների նամակագրությունները հայտնվել են «Pandora Papers» թղթապանակում, որի մասին հետաքննող լրագրողները հայտարարեցին նախորդ տարվա հոկտեմբերին:
Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումն (International Consortium of Investigative Journalists, ICIJ) ու դրա հետ համագործակցող լրատվամիջոցները, այդ թվում՝ «Հետքը», մինչ օրս ուսումնասիրում են տարբեր օֆշորային գոտիներից արտահոսած փաստաթղթեր, որոնք լրագրողներն անվանել են «Pandora Papers»: Այս փաթեթում առկա ավելի քան 27 հազ. հատ ընկերություններն ու դրանց սեփականատերերը (շուրջ 30 հազ. մարդ) կապ ունեն աշխարհի ավելի քան 200 երկրի եւ տարածքային միավորի հետ, ինչը խոսում է արտահոսած փաստաթղթերի աշխարհագրական շատ մեծ մասշտաբի մասին: 2,94 տերաբայթ ծավալով թղթապանակում, որը Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի կողմից երբեւէ հրապարակված ամենածավալուն փաթեթն է, կան նաեւ ընկերությունների շահառու սեփականատեր հանդիսացող հայեր, այդ թվում՝ պաշտոնյաներ ու գործարարներ, նրանց փոխկապակցված անձինք:
Փաստաթղթերն արտահոսել են օֆշորային գոտիներում ծառայություններ մատուցող 14 ընկերություններից: Սրանք միջնորդ կամ գործակալ կազմակերպություններ են, որոնք օգնում են հարկային դրախտ հանդիսացող օֆշորային գոտիներում ձեւական ընկերություններ հիմնել ամենատարբեր նպատակներով: Այդ 14-ից մեկը կիպրական «Demetrios A. Demetriades» իրավաբանական ընկերությունն է, որն այլ կերպ հայտնի է իբրեւ «DADLAW»: Սրա հաճախորդներից են եղել Արտակ Սարգսյանն ու նրա մտերիմները:
Արտակ Սարգսյանը, որն առավել հայտնի է որպես «ՍԱՍ»-ի Արտակ, «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի հիմնադիրն է: 2004-2007 եւ 2012-2019 թթ. նա Ազգային ժողովի պատգամավոր էր: Մինչեւ 2006 թ. Սարգսյանը «Օրինաց երկիր» կուսակցության անդամ էր, իսկ 2006-2018 թթ.՝ ՀՀԿ-ի:
Մանրամասներն՝ այստեղ