211652_close_icon
views-count1584 դիտում article-date 13:51 19-04-2022

Մայիսի 28-ին կանցկացվի «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը

Հեծանվային սպորտի ու առողջ ապրելակերպի մասսայականացման, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի ու սպորտի քարոզչության ապահովման և հեծանվային սպորտի դերի բարձրացման նպատակով 2-րդ տարին անընդմեջ կանցկացվի «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը: Հայտնում է ԿԳՄՍՆ-ն։

Մրցաշարը կկայանա մայիսի 28-ին: Կարող են մասնակցել ցանկություն ունեցող այն անձինք, ովքեր ունեն բժշկի համապատասխան թույլտվություն կամ տեղեկանք առողջության վերաբերյալ և մրցաշարին մասնակցելու հետևանքով առաջացող ռիսկերի գնահատման և ստանձնման պայմանագիր:

Մրցաշարին չեն կարող մասնակցել այն անձինք, ովքեր վերջին 3 տարիների ընթացքում մասնակցել են հեծանվային սպորտի ՀՀ առաջնություններին կամ միջազգային մրցաշարերին:

Մասնակիցները պետք է մրցավայր ներկայանան իրենց անձնական հեծանիվներով՝ 1.95 և ավելի չափի անիվներով,  ու պարտադիր՝ սաղավարտով:

Ցանկացած տիպի խճուղային, էլեկտրական և մոտորային շարժիչներով հեծանիվներն արգելվում են, ինչպես նաև խճուղային և սպորտային ղեկով հեծանիվի մոդիֆիկացված ցանկացած հեծանիվ, արգելվում է նաև կոնտակտային ոտնակների կիրառումը:

Մրցաշարը տեղի կունենա ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Շորժա-Սևանա լճի թերակղզի ճանապարհահատվածում (մեկնարկը՝ Շորժա համայնքից, ժամը 14:00-ից, 40 կմ):

Յուրաքանչյուր մասնակից մեկնարկին (start) և վերջնարկին (finish) պարտավոր է իր հեծանիվը ներկայացնել տեխնիկական զննում իրականացնող հանձնաժողովին:

Մասնակիցները պետք է մրցավայր ներկայանան մրցումից երկու ժամ առաջ՝ անձը հաստատող փաստաթղթերով և բժշկի համապատասխան թույլտվությամբ:

Մրցաշարը կանցկացվի երկու տարիքային խմբով`

1-ին տարիքային խումբ՝ 18-35 տարեկան (2004-1987 թթ.) կանայք, 18-ից 40    տարեկան  (2004-1982 թթ.) տղամարդիկ,

2-րդ տարիքային խումբ՝ 36-տարեկանից (1986 թ. ծնված) բարձր տարիքի  կանայք, 41 տարեկանից  (1981 թ. ծնված) բարձր տարիքի  տղամարդիկ:

Մրցաշարին երկու տարիքային խմբերում 1-20-րդ տեղեր գրաված մասնակիցները (տղամարդիկ և կանայք) պարգևատրվելու են դրամական մրցանակներով, իսկ 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված մասնակիցները՝ նաև ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով:

Դրամական մրցանակներ 1-ին և 2-րդ տարիքային խմբերի 1-ից 20-րդ տեղեր գրաված մասնակիցներին՝

1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ
2-րդ տեղ՝ 600.000 ՀՀ դրամ
3-րդ տեղ՝ 400.000 ՀՀ դրամ
4-րդ տեղ՝ 150.000 ՀՀ դրամ
5-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ
6-10-րդ տեղեր՝ 75.000 ՀՀ դրամ
11-20-րդ տեղեր՝ 50.000 ՀՀ դրամ

Հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն:

Մրցաշարի բոլոր մասնակիցներին տրվելու են մարզաշապիկներ, մասնակցության համարներ և հավաստագրեր: Մրցաշարին կարող են մասնակցել նաև ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք (միջազգային կազմակերպությունների և դեսպանատների ներկայացուցիչներ, օտարերկրյա զբոսաշրջիկներ):

Նմանատիպ նյութեր