211652_close_icon
views-count1536 դիտում article-date 16:13 16-04-2022

Հանցավորության դեմ անհանդուրժող պայքար և բարի ծառայություն եմ մաղթում. Ալեն Սիմոնյանի շնորհավորանքը ոստիկաններին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության մասնագիտական օրվա առթիվ:

«Ոստիկանության հարգելի՛ ծառայողներ, շնորհավորում եմ մասնագիտական օրվա առթիվ: Ձեր զգոն ու կարեւոր աշխատանքը մեր քաղաքացիների անվտանգության եւ պաշտպանվածության գրավականն է: Ռիսկային, բարդ ու չափազանց պատասխանատու մասնագիտություն եք ընտրել, հարգելի՛ ոստիկաններ, սպաներ ու ենթասպաներ, ինչն առանց անմնացորդ նվիրումի դժվար թե հնարավոր է պատվով իրականացնել:

Ոստիկանության համակարգի բարեփոխումները շարունակական բնույթ են կրում, եւ հաջողված սերնդափոխությունը կամաց-կամաց վերացնում է կոռումպացված ոստիկանի կարծրատիպը: Մենք ամենուր հանդիպում ենք հանդուրժող, կարգուկանոն հաստատող, երթեւեկը կարգավորող երիտասարդների, ովքեր իրենց ջանասիրությամբ համակարգ են ձեւավորում եւ դառնում բարեփոխված ոստիկանի օրինակելի կերպար:

Հարգելի՛ ոստիկաններ, աշխատանքի բերումով հաճախ եք վտանգի ենթարկում սեփական կյանքը, ձեր առողջությունն ու ընտանիքին հատկացվելիք ժամանակը: Շնորհակալություն Ձեր համբերատար ընտանիքներին, որոնք հպարտանում են ձեզնով ու ոգեւորվում ձեր հաջողություններով ու ձեռքբերումներով: Հանցավորության դեմ անհանդուրժող պայքար եւ բարի ծառայություն եմ մաղթում, մասնագիտական առաջխաղացում եւ նորանոր բարեփոխումներ՝ հանուն Հայաստանի Հանրապետության անվտանգության եւ մեր քաղաքացիների ապահովության»,-ասվում է ուղերձում:

Նմանատիպ նյութեր