211652_close_icon
views-count1240 դիտում article-date 16:40 10-04-2022

Արտակ Բեգլարյանը աշխատանքային այց է կատարել Մարտունու շրջան

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը ապրիլի 9-ին աշխատանքային այցով եղել է Մարտունու շրջանում:

Պետական նախարարը մասնակցել է Մարտունի քաղաքի Վլադիմիր Խաչատրյանի անվան արհեստագործական ուսումնարանում կարի աշխատարանի բացման արարողությանը, որը կյանքի է կոչվել «Ջենեսիս Արմենիաե և «Ամքոր Արմենիաե հիմնադրամների գործակցության արդյունքում: Աշխատարանը հագեցած է 10 արտադրական և 6 մասնագիտական կարի մեքենաներով:

«Ջենեսիս Արմենիաե կենտրոնի հիմնադիր տնօրեն Աբրահամ Գասպարյանի խոսքով, դերձակների ու ձևարարների վերապատրաստման եռամսյա դասընթացից հետո լավագույն մասնագետները կանցնեն աշխատանքի ավելի ընդարձակ ու հարմարավետ արտադրամասում՝ ապահովելով 15 աշխատատեղ:

Արտակ Բեգլարյանը ողջունել է ծրագիրը՝ այն համարելով հետագա համագործակցությունների սկիզբն ու արցախցուն իր հողի վրա ամուր պահելու խթաններից մեկը: Պետական նախարարը վերահաստատել է, որ ԱՀ կառավարությունը մշտապես կանգնելու է զարգացմանը միտված ծրագրերի կողքին:

Այնուհետև պետական նախարարը և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Անահիտ Հակոբյանը ուսումնարանի ղեկավարության հետ քննարկել են հաստատության հետագա զարգացմանն անհրաժեշտ քայլերը:

Արտակ Բեգլարյանը շրջվարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանի հետ միասին Մարտունի քաղաքում մի շարք այլ հանդիպումներ է ունեցել շրջանի ու համայնքների ղեկավար կազմի հետ՝ քննարկելու իր համակարգման ոլորտներում իրականացվող մի շարք աշխատանքներ և տվել համապատասխան հանձնարարականներ:

Պետական նախարարն աշխատանքային օրն ավարտել է Մաճկալաշենում, որտեղ հանդիպել է բնակիչների հետ՝ առաջին ձեռքից ծանոթանալու առաջնագծամերձ այդ բնակավայրի հիմնախնդիրներին:

Նմանատիպ նյութեր