211652_close_icon
views-count19575 դիտում article-date 15:59 30-03-2022

Եթե դուք ցանկություն ունեք, որ ձեր երկրում ինչ-որ բան փոխվի դեպի լավը, կանգնեք իմ կողքին. Նատալյա Ռոտենբերգ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գործարար Տիգրան Արզաքանցյանի կինը՝ անդրադառնալով Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոնից իրեն հեռացնելու եւ ֆեդերացիայի հետ համագործակցությունը խզելու մասին, այսօր հրավիրած մամուլի ասուլիսում ասել է.
 
«Ես ոչինչ չեմ կորցրել, նրանք են կորցրել: Ես իմ հեռանալու եւ փոխնախագահի կարգավիճակից ազատվելու մասին իմացել եմ ուրիշ մարդկանցից: Ինձ որեւէ մեկը նույնիսկ չի հրավիրել հանդիպման, ֆեդերացիան, սպորտի նախարարությունը համարձակություն չեն ունեցել ինձ կանչել հանդիպման եւ ասել, որ ես ինչ–որ բանը սխալ եմ անում, ինչը նրանց դուրս չի գալիս: Ամեն ինչ արվել է շատ կտրուկ:
 
Ինչ վերաբերում է իմ քաղաքական գործունեությանը, գաղտնիք չէ, որ ես զբաղվում եմ քաղաքականությամբ: Ես մեկ տարի առաջ էլ եմ զբաղվել քաղաքականությամբ, մասնակցել եմ վարչապետի ընտրություններին: Ես եկել եմ Հայաստան քաղաքականության միջոցով հանուն ամուսնուս: Եթե ինչ-որ մեկին թվում էր, թե ես գեղարվեստական մարմնամարզություն մտնելով պետք է դադարեցնեմ իմ քաղաքական գործունեությունը, չարաչար սխալվել է: Ես պիտի լինեմ քաղաքականությունում: Ես ուսումնասիրել եմ եւ իմացել, որ Հայաստանում օրենքը չի արգելում քաղաքական գործիչին լինել նաեւ սպորտում, այդպես օրինակ՝ Գագիկ Ծառուկյանը քաղաքական գործիչ է եւ զուգահեռ Օլիմպիական կոմիտեի նախագահ, ձեր նախկին նախագահ Սերժ Սարգսյանը՝ երկրի նախագահ էր եւ համատեղ շախմատի ֆեդերացիայի նախագահ:
 
Ամեն մարզիկ հանդիսանում է այս կամ այն կուսակցության անդամ: Այստեղ սպորտը եւ քաղաքականությունը համատեղելու խնդիրը չէր: Սա չի պատճառը, որ ինձ ազատել են փոխնախագահի պաշտոնից: Պատճառն այն է, որ ես հաջողում էի, ես սկսել էի դուր գալ մարդկանց, ես հեղինակություն էի ձեռք բերել, մարդիկ սկսել էին ինձ վստահել եւ կանգնել իմ կողքին: Այս ամենի պատճառը վախերն էին, որոնք ունեցավ ֆեդերացիան կամ երեւի կառավարությունը: Սա վախ է, որ գուցե ես կարողանամ բնակչության մեծ մասին գրավել իմ կողմը:
 
Երբ ինձ ասում են, որ ես օգտագործել եմ մարզաձեւը, մարզիչներին, ծնողներին իմ գաղափարներին, քաղաքական հայացքներին ներգրավելու նպատակով, հիմա էլ հայտարարում եմ՝ սիրելի ծնողներ, մարզիչներ, եկեք իմ կողմ, ընդունեք իմ քաղաքական հայացքները: Եթե դուք ցանկություն ունեք, որ ձեր երկրում ինչ-որ բան փոխվի դեպի լավը, կանգնեք իմ կողքին:
 
Հայտնի է, որ վերջին շրջանում պարոն Արզաքանցյանը բացում է կուսակցություն, որը գլխավորելու է: Ես էլ որպես նրա կին՝ լինելու եմ նրա կողքը, լինելու եմ կուսակցության անդամ: Ես նրա հետ գնալու եմ մինչեւ վերջ: Այս պատճառով այո, ես հրավիրել եմ մարզիչներին իմ ամուսնու կուսակցությունը համալրելու համար, մեր կուսակցության անդամ լինել: Սա նորմալ քաղաքական գործընթաց է, քաղաքական հայացքների քարոզչություն: Եվ ես շարունակելու եմ բոլորին խորհուրդ տալ անդամակցել մեր կուսակցությանը», ասել է Ռոտենբերգը:
 
Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր