211652_close_icon
views-count236720 դիտում article-date 21:30 28-03-2022

Կրակոցներ Արարատի մարզում. վիրավորը Արտաշատում հայտնի «Գազի Հովոն» է. ով հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. ժամանել է ՀՀ ոստիկանապետի 1-ին տեղակալը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 28-ին, կրակոցներ են հնչել Արարատի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով մի քաղաքացի է տեղափոխվել իրենց մոտ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող  Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պետի 1-ին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը, վարչության պետի 1-ին տեղակալ Արմեն Պետրոսյանը, նույն վարչության ՄՍԴՈւՀԴՊՎ պետ Վահե Մուշեղյանը:

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Վահե Միրզոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Դավիթ Դավթյանի և Գագիկ Ավետիսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև մարզի դատախազը:

Մարզային քննչական վարչության պետի հանձնարականով հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտակ Ավագյանը մեկնել է հիվանդանոց՝ տեղում պարզելու վիրավորի առողջական վիճակը:

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռոստոմյանը, ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանը:

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը հրազենային վնասվածքներ է ստացել պարանոցի, որովայնի և մարմնի այլ հատվածներում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:

Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են, որ  քաղաքացու վրա մի քանի կրակոցներ են արձակել Արտաշատ քաղաքի դրամատիկական թատրոնի մոտ, որտեղ էլ այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում քննիչները:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը Հովհաննես Ղազարյանն է՝ Արտաշատում հայտնի «Գազի Հովոն»:

Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 34 - 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարութունյանի գլխավորությամբ:

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վիրավորի ամբողջական տվյալները և ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են ատրճանակից կրակված 4 պարկուճ, 1 գնդակ և արնանման հետքեր:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 117+
117+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր