211652_close_icon
views-count330317 դիտում article-date 11:34 02-06-2021

Կրակոցներ՝ Երևանի կենտրոնում. «Կինո Մոսկվա»-ի  դիմաց հայտնաբերվել է հրազենային վնասվածքներով տղամարդու դի. ժամանել է ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալը. պարզվել է սպանվածի ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան փողոցում՝ «Կինո Մոսկվա»-ի դիմաց, տղամարդու դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ՀՀ ոստիկանապետի ծառայության գծով տեղակալ Կամո Ցուցուլյանը, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։

Ժամանել են նաև ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Նիկոյանի գլխավորությամբ։

Տեղում են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Սիմոն Հարությունյանի գլխավորությամբ։

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ դեպքի վայր են ժամանել նաև Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազները։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը մահացել է կրակոցների հետևանքով։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Փաստի առթիվ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Դեպքի վայրում հայտնաբերվել է ռուսական համարանիշներով զրահապատ Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքնա, որի հարևանությամբ էլ՝ մեկ այլ՝ ռուսական համարանիշներով Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենա։

Հայտնաբերվել է նաև «Մակարով» տեսակի ատրճանակից կրակված 1 պարկուճ և արնանմամ հետքեր։ 

Այս պահին տեղում աշխատում են ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։ Դեպքի վայրում էլ զննություն են կատարում քննիչները։

Ժամանել է նաև նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Մկրտչյանը։ 

Երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցվել է, տեղում ուժեղացված ծառայություն են կատարում Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ։

Քննիչի հանձնարարականով էլ 2 ավտոմեքենաները քարշակի միջոցով տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ 

Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկաններն ու քննիչները պարզել են սպանվածի ինքնությունը. նա Գավառ քաղաքի բնակիչ՝ 50-ամյա Հովհաննես Վարդանյանն էր։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 274+
274+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր