211652_close_icon
views-count1511 դիտում article-date 23:00 28-03-2022

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի շրջանակում տեղի է ունեցել «Հերոսական բալլադ» խորագրով համերգային երեկոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայ կոմպոզիտորական արվեստի 13-րդ փառատոնի շրջանակում կայացավ «Հերոսական բալլադ» խորագրով համերգային երեկոն։ Ծրագրում հնչեցին Տիգրան Համբարյանի Սիմֆոնիկ պոեմը, երկար տարիների դադարից հետո կատարվեց Մարտին Վարդազարյանի «Ահեղ մարտերի անմեղ զոհերին» սիմֆոնիան, ներկայացվեց նաև Առնո Բաբաջանյանի «Հերոսական բալլադը» դաշնամուրի և նվագախմբի համար։

Երիտասարդ կոմպոզիտոր Տիգրան Համբարյանի Սիմֆոնիկ պոեմը կատարվում էր առաջին անգամ։ Նշենք, որ Տիգրան Համբարյանը ստեղծագործում է գրեթե բոլոր ժանրերում, հեղինակել է դաշնամուրային, վոկալ, կամերային ստեղծագործություններ։ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը հնարավորություն էր ունկնդրին ներկայացնելու նրա սիմֆոնիկ ստեղծագործությունը։

Փառատոնի շրջանակներում կազմակերպիչները համագործակցում են ինչպես տեղի, այնպես էլ սփյուռքի ու արտասահմանցի մենակատարների հետ՝ վերջիններիս միջոցով աշխարհով մեկ տարածելով հայ կոմպոզիտորական արվեստը։

Ֆրանսիայից Հայաստան ժամանած դաշնակահար Ժան-Պոլ Գասպարյանն առաջին անգամ Հայաստան այցելել է 2021թ. հոկտեմբերին՝ ելույթ ունենալով «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում։ Այդ ժամանակ էլ, ինչպես հիշում է դաշնակահարը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին տեղեկացրել է, որ ձայնագրել է ձայնասկավառակ, որտեղ ներկայացրել է Ռախմանինովի դաշնամուրային 2-րդ կոնցերտն ու Առնո Բաբաջանյանի «Հերոսական բալլադը», ու մաեստրո Սմբատյանից ստացել է հրավեր՝ Հայաստանում ներկայացնելու Բաբաջանյանի այդ ստեղծագործությունը։  

Նշենք, որ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ։ Փառատոնի անցկացմանն աջակցում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Հայ կոմպոզիտորական արվեստի 13-րդ փառատոնի փակման համերգը տեղի կունենա մարտի 30-ին։ Այն նվիրված է Էդուարդ Բաղդասարյանի և Օհան Դուրյանի 100-ամյա հոբելյաններին։
Համերգն ուղիղ հեռարձակմամբ կարող եք դիտել նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի պաշտոնական կայքում՝ armsymphony.am :
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր