211652_close_icon
views-count1693 դիտում article-date 19:26 24-03-2022

Հայաստանը կարող է ընդունել ծանրամարտի ԵԱ-ն. Կարեն Գիլոյանն ընդունել է եվրոպական ֆեդերացիայի նախագահին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի (EWF) նախագահ Անտոնիո Կոնֆլիտիին և գլխավոր քարտուղար Միլան Միխայլովիչին:

EWF-ի ներկայացուցիչները Հայաստան են ժամանել՝ քննարկելու ծանրամարտի Եվրոպայի 2023 թվականի մեծահասակների առաջնությունը Երևանում անցկացնելու հարցը: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքը:

Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը և ԿԳՄՍՆ սպորտի բարձրագույն նվաճումների բաժնի գլխավոր մասնագետ, միջազգային կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդգծել է՝ ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայում կարող են հավատացած լինել՝ մեր երկրին վստահելու դեպքում՝ այն կանցկացվի ամենաբարձր մակարդակով:

EWF ներկայացուցիչներն այցելել են նաև Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, որտեղ էլ հաջորդ տարվա գարնանը նախատեսվում է անցկացնել մրցաշարը: Անտոնիո Կոնֆլիտին և Միլան Միխայլովիչը նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի և hամալիրի տնօրեն Կարեն Ղազարյանի ուղեկցությամբ ծանոթացել են մարզահամերգային համալիրի ենթակառուցվածքներին ու պայմաններին, քննարկել առաջնության կազմակերպչական աշխատանքներին վերաբերող հարցեր:

Կարեն Գիլոյանի խոսքով` EWF-ի ներկայացուցիչներին գոհացրել են առաջարկվող պայմանները. «Պարոն Միխայլովիչի հետ նախնական պայմանավորվածություն էինք ձեռք բերել դեռ Տաշքենդում կայացած աշխարհի առաջնության ժամանակ: Հիմա արդեն ֆեդերացիայի նախագահի հետ այցելել են` մեր առաջարկած պայմաններին ծանոթանալու: Շատ տպավորված են: Ասում են՝ ուզում են միանգամայն այլ որակ ստանալ՝ մի շարք նորարարություններով: Հետաքրքիր մտքեր իրենք էլ ունեն, մենք՝ էլ: Վստահ եմ՝ կհամաձայնեն մեր առաջարկներին, ու հաջորդ տարի մենք շատ լավ առաջնություն կանցկացնենք»:

Կարեն Գիլոյանն ընդգծում է՝ Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է լինելու օլիմպիական խաղերի համար, այնպես որ այն կրկնակի արժևորվում է. «Նախատեսվում է ավելի քան 40 երկրի ներկայացուցիչների մասնակցություն: Շատ լավ պայքար կլինի: Մնում է՝ մենք շատ լավ պատրաստվենք, որ Եվրոպայի չեմպիոններ ունենանք»:

Նմանատիպ նյութեր