211652_close_icon
views-count1263 դիտում article-date 10:52 10-03-2022

Ռաֆայել Իշխանյանի գրքերը հայության յուրատիպ այցեքարտեր են․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ ««Ազգի ոգին, նրա պատմությունը, հավատը, քաղաքական ազդեցությունների աստիճանը չեն կարող դիտվել մեկը մյուսի վրա ազդեցությունից եւ նրանց ներքին էությունից դուրս, այդ ամենը միմյանց հետ կապված մի հանգույց են ներկայացնում»: Հենց այդ հանգույցն էլ «կարմիր թելի» նման էջից էջ անցնում է Ռաֆայել Իշխանյանի գրքերում: Դրանք գրքեր են ցավի, հայոց վշտի, կորուստների, զոհերի, գրքեր՝ լինելության եւ հայոց հավերժումի, գրքեր՝ հայոց պայծառ ապագայի նկատմամբ լեցուն հավատի: Դրանք չփակվող դասագրքեր են եւ կողմնորոշման անփոխարինելի ուղեցույցներ: Գրքերում մատչելի զրույցների միջոցով ներկայացված է հայոց պատմությունը՝ սկսած հին ժամանակներից մինչեւ Բագրատունիների անկումը: Կարծում եմ՝ ասվածն էլ բավական է, որ ընթերցողը փնտրի, գտնի եւ կարդա այս աշխատությունները, կարդա ոչ թե պարզապես կարդալու համար, այլ դրանք պահի իր սեղանին՝ հարկ եղած դեպքում որպես լույսի եւ հույսի փարոս կրկին ձեռքն առնելու համար:

Կասկած չունեմ, որ այս գրքերի հետ եղած պահերին ընթերցողը չի նեղվի համակարգչից կտրված լինելու համար, դեռ ավելին… Հեղինակը չի զլացել աշխատություններում բացատրել պատմական տերմինները եւ մի շարք բառեր, որոնք դպրոցական դասագրքերում չեն բացատրվում:

Որպես ընթերցող՝ համոզված եմ, որ «Պատկերազարդ պատմություն հայոցը», նաեւ Իշխանյանի մյուս գրքերը կարդացած պատանին իր գիտական տվյալներով կառանձնանա ոչ միայն պատմության, այլեւ մայրենիի դասերին: Այդ գրքերը  եւ՛ մեծերի, եւ՛ փոքրերի համար գիրք-վավերագրեր ու հայության յուրատիպ այցեքարտեր են:

Բանասեր, մատենագիր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆայել Ավետիսի Իշխանյանը ծնվել է 1922 թ. մարտի 9-ին: Ավարտել է ԵՊՀ-ն եւ Մոսկվայի գրադարանային ինստիտուտը: Աշխատանքային ուղին՝ ԵՊՀ դասախոս, ազգային գրադարանի տնօրեն: Զբաղվել է հայոց լեզվի եւ գրականության պատմության, հայոց պատմության, մատենագիտության, հայ գրատպության տարեգրության հարցերով: Եղել է «Լուսավորիչ» թերթի խմբագիրը: Լեզվի անաղարտության պահպանմանը նպաստելու նպատակով ստեղծել է «Մաշտոց» միավորումը: Արժեքավոր շատ գրքերի հեղինակ է:

Ռաֆայել Իշխանյանը մոտ երեք տասնամյակ զբաղվել է հայ ազգի ծագման եւ հնագույն պատմության ուսումնասիրման հարցերով: Համոզիչ փաստերով ցույց է տվել հայ ազգի բնիկ լինելը: Իշխանյանը ժամանակին նաեւ բանաստեղծություններ է գրել, որոնցից մի քանիսը տպագրվել են ԱՄՆ-ում լույս տեսնող «Պայքար» հանդեսում:

Նա նաեւ թարգմանություններ է արել, հաջողությամբ թարգմանել Ջորջ Բայրոնի գործերից: 1982-ից մինչեւ իր երկրային կյանքի ավարտը (6 փետրվարի 1995 թ.) նա Հայաստանի գրողների միության ակտիվ անդամներից էր: Իշխանյանը ուշագրավ շատ վերլուծություններ է նվիրել հատկապես Հովհաննես Թումանյանի եւ Ակսել Բակունցի ստեղծագործություններին»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր