Մենք չենք վախենում ադրբեջանցիներից, որ վախենայինք այստեղ չէինք ապրի. Խրամորթի գյուղապետ. News.am
Այսօր առավոտյան ժամը 8:00-ին ադրբեջանցիները մոտ 5-6 րոպե ինտենսիվ կրակոցներ են արձակել Արցախի Խրամորթ գյուղի ուղղությամբ, կրակոցները լռեցրել են հայ դիրքապահները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Խրամորթի գյուղապետ Զորի Աբրահամյանը` նշելով, որ կրակոցներից որեւէ վնաս չի եղել:
«Մինչեւ խաղաղապահների գալը արդեն կրակոց չկար, արդեն մեր դիրքապահները լռեցրել էին»,- ասաց նա:
Գյուղապետի խոսքով` ադրբեջանցիները այլեւս տարածքը լքելու մասին հայերենով կոչը չեն հնչեցնում:
«Արդեն մենք ենք հայրենասիրական երգեր միացնում, իրենք էլ լսում են, մինչեւ Բարդա լսվում է, իրենք լավ էլ հասկանում են:Մենք չենք վախենում ադրբեջանցիներից, որ վախենայինք այստեղ չէինք ապրի: Ծնվել ենք այս հողում, ապրում ենք ու ապրելու ենք այստեղ»,-ասաց նա: