211652_close_icon
views-count1746 դիտում article-date 17:33 06-03-2022

Կայացավ ՀԵՀԵՄ Եվրոպայի տարածաշրջանային ֆորումը

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Հայ  Եկեղեցու Համաշխարհային  Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ)  հոգևոր առաջնորդ Բարձրաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակը սույն թվականի մարտի 1-6-ը կազմակերպել էր ՀԵՀԵՄ Եվրոպայի տարածաշրջանային ֆորումը (Բրյուսելում՝ մարտի 1-3, Պրահայում՝ մարտի 4-6), որին հրավիրվել էին մասնակցելու ՀԵՀԵՄ Եվրոպայի տարածաշրջանի Հայրապետական պատվիրակությունների, թեմերի և հովվությունների ակտիվիստ երիտասարդները։

Բրյուսելում ֆորումին հրավիրված էին մասնակցելու երիտասարդներ և հոգևոր պատասխանատուներ՝ Բելգիայի, Իտալիայի, Իսպանիայի, Հոլանդիայի հայոց հովվություններից, Գերմանիայի, Ֆրանսիայի, ինչպես նաև՝ Ռումինիայի և Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմերից։
Բրյուսելում համաժողովականներին հյուրընկալեց Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակության Բելգիայի Հայոց հովվությունը՝ օրհնությամբ Հայրապետական Պատվիրակ և Վատիկանում Հայ Եկեղեցու ներկայացուցիչ Բարձրաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի։ Ֆորումը մեկնարկեց Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձով, որն ընթերցեց Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ և Բուլղարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Գերաշնորհ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը: Համաժողովական երիտասարդներին Բրյուսելում տեսաուղերձով ողջունեց ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ Բարձրաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը։ Բացման խոսքով հանդես եկավ Բելգիայի Հայոց հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ․ Զատիկ վարդապետ Ավետիքյանը։

Պրահայում ֆորումին հրավիրված էին մասնակցելու երիտասարդներ և հոգևոր պատասխանատուներ՝ Չեխիայից, Ավստրիայից, Նորվեգիայից, Դանիայից, Շվեյցարիայից, Շվեդիայից, Բալթյան երկրներից, Գերմանիայից, Ֆրանսիայից և Ռումինիայից։ Հյուրընկալող կողմը Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի հայրապետական պատվիրակության Չեխիայի Հայոց հովվությունն էր (հոգևոր հովիվ՝ Հոգեշնորհ  Բարսեղ վարդապետ Փիլավչյան)՝ օրհնությամբ  Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական Պատվիրակ Գերաշնորհ Տ. Տիրան եպիսկոպոս Պետրոսյանի, ով ողջունեց և բարի գալուստ մաղթեց համաժողովականներին։ Ֆորումին ներկա էր նաև ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ Բարձրաշնորհ Տ. Հովնան արքեպիսպոպոս Տերտերյանը, ով հանդես եկավ բացման խոսքով։

Մարտի 5-ին համաժողովի մասնակից հոգևորականներին Պրահայի իր նստավայրում ընդունեց Չեխիայի Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ և Պրահայի արքեպիսկոպոս Կարդինալ Դոմինիկ Դուկան։

ՀԵՀԵՄ Եվրոպայի տարածաշրջանային ֆորումի աշխատանքային օրակարգը հարուստ էր հոգևոր զրույցներով, երիտասարդական քրիստոնեական աշխատանքի արդյունավետ կազմակերպմանն ուղղված թրեյնինգներով և աշխատարաններով։
ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ և Կենտրոնական գրասենյակի տնօրեն Թովմա վարդապետ Խաչատրյանը երիտասարդներին ներկայացրեց Գրասենյակի առաքելությունը, տարածաշրջանային կառուցվածքը, ներքին և արտաքին համագործակցությունները, հոգևոր–երիտասարդական ծրագրերը։  Հայր Սուրբը ՀԵՀԵՄ գործունեությանն անդրադարձավ նաև Գրասենյակի կողմից պատրաստված ֆիլմերի և տեսանյութերի ցուցադրությամբ։

ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի Հասարակական կառույցների գծով փոխտնօրեն, երիտասարդական աշխատանքի փորձագետ Անգելինա Ալեքսանյանն իր հերթին լսարանին ներկայացրեց երիտասարդական քրիստոնեական աշխատանքի էությունը, նպատակները և խնդիրները, ինչպես նաև այդ խնդիրների լուծմանն ուղղված երիտասարդական ծրագրերի և կենսունակ գաղափարների գեներացման ու դրանց իրականացման  հնարավորությունները։

Մեկնարկեցին աշխատարանները։ Յուրաքանչյուր խումբ ուներ իրեն տրված հարցաշարը և իր քննարկման թեման։ Աշխատարանների բոլոր արձանագրությունները կմշակվեն՝ հետագայում վերածվելով երիտասարդական աշխատանքի ուղեցույցի։
Ֆորումի ավարտին մասնակիցներին և կազմակերպիչներին ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի կողմից շնորհվեցին երախտագրեր, շնորհակալագրեր, մասնակցության վկայականներ, ինչպես նաև՝ «Երիտասարդի աղոթագիրք» և «Հայրապետական խոսքեր եւ պատգամներ հայ երիտասարդին» գրքույկները։

Պրահայի «Սուրբ Հոգի» եկեղեցում համաժողովականները մասնակցեցին ժամերգության և միասնական աղոթքի։ Երիտասարդները պայմանավորվեցին հանդիպել Հայրենիքում՝ հուլիսի 6–10-ը տեղի ունենալիք ՀԵՀԵՄ համահայկական ուխտագնացության շրջանակներում:

2022թ.-ին նախատեսված հաջորդ՝ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանային ֆորումը կմեկնարկի Կահիրեում՝ մարտի 31-ապրիլի 4։

Նմանատիպ նյութեր