211652_close_icon
views-count1576 դիտում article-date 09:43 05-03-2022

Մեծ Յոթնյակի արտգործնախարարները դատապարտում են Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայում․ «Ամերիկայի ձայն»

G-7-ի ԱԳ նախարարներն ուրբաթ օրը հայտարարել են, որ իրենք «խորապես անհանգստացած են» հումանիտար կորուստներով Ուկրաինայում խաղաղ բնակչության վրա Ռուսաստանի շարունակվող հարվածների արդյուքում և հավելել են, որ պատասխանատվության կենթարկեն ռազմական հանցագործությունների համար պատասխանատուներին: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

«Մենք կրկնում ենք, որ առանց կոնկրետ թիրախների հարվածներն արգելված են միջազգային մարդասիրական իրավունքով։ Մենք պատասխանատվության կենթարկենք նրանց, ովքեր պատասխանատու են պատերազմական հանցագործությունների համար, ներառյալ խաղաղ բնակչության դեմ զենքի կիրառման», - ասված է G7-ի արտգործնախարարների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակել է ԱՄՆ պետքարտուղարությունը:

Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի արտգործնախարարները նաև կոչ են արել Ռուսաստանին դադարեցնել հարձակումները «ուկրաինական ատոմակայանների տարածքում»։

Ուրբաթ օրը Ուկրաինայում ռուսական զորքերը գրավել են Զապորոժիեում գտնվող Եվրոպայի ամենամեծ ատոմակայանը։ Սա տագնապ առաջացրեց ամբողջ աշխարհում և, ըստ Վաշինգտոնի, կարող է աղետի հանգեցնել, թեև պաշտոնյաներն ավելի ուշ հայտարարեցին, որ իրավիճակը վերահսկելի է:

«Մեծ յոթնյակի» արտգործնախարարները նաև ավելացրել են, որ իրենց երկրները կշարունակեն լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել՝ ի պատասխան ռուսական ագրեսիայի, որը, ըստ նրանց, ներառում է նաև Բելառուսը։

«Նախագահ Պուտինը, նրա կառավարությունը և կողմնակիցները, ինչպես նաև Լուկաշենկոյի ռեժիմը կրում են այս պատժամիջոցների տնտեսական և սոցիալական հետևանքների ողջ պատասխանատվությունը», - ասված է G7-ի արտգործնախարարների համատեղ հայտարարության մեջ:

Անցյալ շաբաթ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա արժանացավ գրեթե համընդհանուր դատապարտման ողջ աշխարհում, և արևմտյան երկրները կոշտ պատժամիջոցներ սահմանեցին՝ փորձելով «ճնշել» ռուսական տնտեսությանը:

«Մեծ յոթնյակի» երկրները նաև խոստացել են մեծացնել Ուկրաինային հումանիտար աջակցությունը։ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Բրյուսելում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին և Եվրոպական խորհրդի նախագահ Չարլզ Միշելին՝ կոչ անելով ՆԱՏՕ-ի դաշնակիցներին և գործընկերներին տրամադրել Ուկրաինային սարքավորումներ և նյութեր ռուսական ներխուժման դեմ պայքարելու համար:

Նմանատիպ նյութեր