211652_close_icon
views-count67020 դիտում article-date 20:28 04-03-2022

Ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական ողբերգական ավտովթարն է տեղի ունեցել Սյունիքի մարզում. քույրը տեղում մահացել է, եղբայրը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 4-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական ողբերգական ավտովթարն է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Ժամը 16:30–ի սահմաններում Երևանում ժամանակավորապես բնակվող Արցախի Հանրապետության քաղաքացի, 52-ամյա Անդրանիկ Դանիելյանը իր վարած Mitsubishi Pajero io մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 214.2-րդ  կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլորվել և հայտնվել ճանապարհի ձախակողմյան հատվածում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  ուղևոր, Երևանի բնակիչ, 45-ամյա Անահիտ Դանիելյանը տեղում մահացել է, իսկ վարորդ Ա. Դանիելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սիսիանի թիվ 57 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Փրկարարները մահացածի դին մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Սիսիանի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենային, ապա հոսանքազրկել մեքենան և սահմանազատել տարածքը:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի և ավագ հետաքննիչ  Սուրեն Վարդանյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն  ժամանել է նաև ոստիկանության Սիսիանի  բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ  Տիգրան Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Թովմասյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Սիսիանի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242  հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է  քրեական գործ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սիսիանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը վարորդի քույրն էր:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Յուրա Գաբրիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+

Նմանատիպ նյութեր