54696 դիտում
09:55 27-11-2018
Ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում. Mercedes-ը կողաշրջված վիճակում հայտնվել է ձորակում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` նոյեմբերի 27-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 07։40-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի բնակիչ՝ 44-ամյա Նատալյա Գրիգորյանը իր վարած Mercedes մակնիշի 34 RՏ 440 համարանիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվելով՝ հայտնվել ձորակում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ն. Գրիգորյանն ու նրա ուղևոր՝ Գեղարքունիքի մարզի Վարդաձոր գյուղի բնակիչ՝ 24-ամյա Ներսես Ներսիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն։
Օպերատիվ են գործել Սևանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, առաջին բուժօգնություն են ցուցաբերել վիրավորներին։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ։
Տեղում աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը, քանի որ տեղի Ճանշինը ոչ մի միջոց չի ձեռնարկել ճանապարհի մշակման ուղղությամբ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 101+
101+