Այս դահլիճում նստած ադրբեջանցու եղբայրը կամ զարմիկը միգուցե հենց այն զինվորն է, որը սպանել է իմ որդուն. Զոհվածի մայր. News.am
Անգամ ամենազարհուրելի երազում հնարավոր չէր պատկերացնել, որ այստեղ այսօր կհավաքվենք մենք այս դավաճանված պատերազմի, մեր որդիներին կորցրած մայրերս ու կսլենք, թե ինչպես պատի այն կողմ ազերիները քննարկում են եվրոպական կրթական խնդիրները: Այս մասին այսօր՝ փետրվարի 22-ին, Մարզահամերգային համալիրի մոտ կայացած բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց 44-օրյա պատերազմում որդի կորցրած մայրերից մեկը, հայտնում է News.am-ը։
Նա ընթերցեց որդեկորույս մայրերի նամակ-հայտարարությունը, որում ասվում է. «Մեր թշնամին, որը բայրաքթարի տակ սպանեց հազարավոր մեր պայծառ տղաներին, այսօր հայկական հողում է, եւ հայկական հողում որպես հաղթող, ով եկավ, սպանեց ու հաղթեց: Ես չեմ գտնում բառեր, որ կփոխանցեն այն, ինչ հիմա զգում եմ, երբ մեր որդիներին սպանած թուրքերը գտնվում են մի քանի մետր հեռավորության վրա: Այս դահլիճում նստած ադրբեջանցու եղբայրը կամ զարմիկը միգուցե հենց այն զինվորն է, որը սպանել է իմ որդուն, այստեղ հավաքված մայրերից շատերի որդիներին: Միայն այդ միտքը խելագարության աստիճան ցավալի է:
Ես ուզում եմ հասկանալ՝ Հայաստան այցելած ադրբեջանցիներին հարց տվե՞լ ենք՝ 44-օրյա պատերազմի արհավիրքների, մեր որդիներին դաժանաբար սպանելու, խոշտանգելու մասին, հարց տվե՞լ են առ այն, որ այս պահին տասնյակ մեր որդիները գտնվում են դեռ Բաքվի բանտերում: Նրանց խոշտանգումն ու նվաստացումը շարունակվում է: