Ադրբեջանական դպրոցների համար նախատեսված դասագրքերում ատելություն և թշնամանք է քարոզվում հայերի նկատմամբ․ Արման Թաթոյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրել է ապացույցների վրա հիմնված արտահերթ նոր զեկույց հետպատերազմական շրջանում հայատյացության ադրբեջանական քաղաքականության նոր զարգացումների, վտանգների վերաբերյալ։
«Ադրբեջանական իշխանությունները ատելություն են քարոզում Հայաստանի և հայերի հանդեպ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին ասուլիսի ընթացքում նշեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Վերջինս վստահեցրեց, որ պետական հովանավորությամբ կատարվող ադրբեջանական ատելության քարոզչության քաղաքականությունը հիմնված է երկու հիմնարար հենասյուների վրա։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ էթնիկ հիմքով ատելությանն ավելացել է նաև կրոնականը։
«Ադրբեջանական դպրոցների համար նախատեսված դասագրքերում ատելություն և թշնամանք է քարոզվում հայերի նկատմամբ։ Ադրբեջանում ցույց է տրվում իրենց գերակայությունը հայ ժողովրդի հանդեպ: Նրանց իշխանությունները փոխում են նաև եկեղեցիների պատկանելությունը՝ ասելով, որ դրանք ալբանական են»,- նշեց Թաթոյանը:
Նա ներկայացրեց նաև ադրբեջանական այդ քաղաքականության վտանգները այլ երկրների, ինչպես նաև 2 ժողովուրդների միջև աշխարհի տարբեր երկրներում: Թաթոյանը վստահեցրեց, որ Ադրբեջանական այս ռազմավարությունը վտանգավոր է նաև այլ երկրների համար։
«Պատերազմի ժամանակ Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում և մի շարք երկրներում ադրբեջանական և թուրքական խմբերը հարձակվում էին հայերի վրա, նույնիսկ վանդալիզմի էին ենթարկում մի շարք շինություններ, որոնց ապացույցներն անհերքելի են»,- ընդգծեց նա:
Թաթոյանը օրինակներով առանձնացրեց Ադրբեջանի իշխանությունների, այդ թվում՝ բարձրագույն մարմինների ատելություն տարածող պահվածքը, որոնք գրեթե նույն ձևակերպումներով լայնորեն դրսևորվում են մշակութային, սպորտային ու հանրային այլ գործիչների կողմից ու արժանանում հանրային գովասանքի:
«44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի ժողովրդական բանաստեղծ Ֆահիդ Ազիզը ասում է, որ հայերը բացի քաոսից այլ բան չեն կարող ստեղծել, անբարոյական ազգ են։ Սա կոնկրետ ապացույց է, որ Ադրբեջանը նման հայտարարությունները ողջունելի է համարում»,- նշեց նա:
Թաթոյանը անդրադարձ կատարեց նաև ադրբեջանական կողմի խաղաղասիրական հայտարարություններին՝ վստահեցնելով, որ դրանք շղարշ են արտաքին աշխարհի համար։