211652_close_icon
views-count81802 դիտում article-date 20:03 30-12-2021

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. 73-ամյա վարորդը Mercedes-ով ՀՀ ոստիկանության վարչական շենքի հարևանությամբ վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 73-ամյա Միսակ Ք-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Չարենցի 1 հասցեում՝ ՀՀ ոստիկանության վարչական շենքի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել միջին տարիքի կին հետիոտնի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյան գլխավորությամբ։ 

Ժամանել են նաև Երևանի գնդի հրամանատար Խաչիկ Սամվելյանն ու հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանը, ովքեր վարորդին վերցրել են իրենց տեսադաշտում, որպեսզի մահացածի հարազատները հաշվեհարդար չտեսնեն։ 

Դեպքի վայրը սահմանազատել են պարեկներ Գոռ Վահրամյանն ու Անդրանիկ Չոբանյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն, և խցանում տեղի չունենա։ 

Դեպքի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի գլխավորությամբ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ 

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր