211652_close_icon
views-count46149 դիտում article-date 18:13 25-12-2021

ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունը Երևանում իրականացրել է «Քեզ կեղծ հանդերձյալ աշխարհն էլ չի փրկի» օպերացիան. հայտնաբերվել է սպանության մեջ հետախուզվողը, որը թաքնվել էր որպես 44-օրյա պատերազմում անհետ կորած

2020թ. սեպտեմբերի 13-ին, երեկոյան, «Գյումրի» բժշկական կենտրոնից Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ զստափոսի կտրած-ծակած վերք, ձախ քունքային շրջանի կապտուկ, վերջույթների քերծվածքներ, կենսաբանական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ էր տեղափոխվել մի քաղաքացի, իսկ մեկ հոգի էլ՝ «ձախ գոտկային շրջանի ծակած-կտրած, չթափանցող վերք» ախտորոշմամբ:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց էին մեկնել ոստիկանության Շիրակի մարզային վարչության, ոստիկանության Մուշի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության օպերատիվ քննչական խմբերը:
 
Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ մահացածը Գյումրի քաղաքի բնակիչ, 36-ամյա Արթուր Ս.-ն էր, իսկ վիրավորը՝ Գյումրի քաղաքի բնակիչ, 35-ամյա Վլադիսլավ Պ.-ն էր:
 
Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվում է քրեական գործ:
 
Շիրակի մարզի ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ, որի արդյունքում պարզվում է, որ Գյումրիում հաշվառված, 24-ամյա Ռուբեն Ա.-ն, 2020 թվականի սեպտեմբերի 13-ին, ժամը 14:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի 75ա շենքի մոտ գտնվող զրուցարանում Արթուր Ս.-ի կողմից ծեծի ենթարկվելուց և մահակի հարվածներից արյունահոսող վերքերի ձևերով մարմնական վնասվածքներ ստանալուց հետո, տեղեկանալով վերջինի՝ Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի 61 զինվորական թաղամասի 11-րդ ԴՈՍ-ի դիմացի այգում գտնվելու մասին, Արթուր Ս.-ի կողմից ծեծի ենթարկվելու կապակցությամբ, նրանից վրեժխնդիր լինելու նպատակով, նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, գնացել է հիշյալ վայր, որտեղ նշված հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել նրա և Արթուր Ս.-ի միջև, որից հետո դանակով հարվածներ է հասցրել Արթուր Ս.-ին, ով Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
 
Նույն տարվա սեպտեմբերի 17-ին, քննչական մարմինը որոշում է կայացրել Ռուբեն Ա.-ի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին ու քննիչը դիմել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, կալանքի որոշում կայացնի նրա նկատմամբ:
 
Դատավորը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակացական սենյակից վերադառնալուց հետո, բավարարել է քննիչի միջնորդությունը ու նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
 
Այդ ընթացքում Ռուբեն Ա.-ի ծնողները դիմում են իրավապահներին, որ իրենց որդին 44-օրյա պատերազմի ժամանակ մեկնել է մարտական գործողություններին մասնակցելու և անհետ կորել է, ինչից հետո իրավապահները վերջինիս տվյալները հաշվառել են անհետ կորածների ցուցակում:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով, այս տարվա դեկտեմբերի 12-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները՝ իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է «Քեզ կեղծ հանդերձյալ աշխարհն էլ չի փրկի» անունը:
 
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում հայտնաբերել են Ռուբեն Ա.-ին, ով բերման է ենթարկվել քրեական ոստիկանության գլխավոր վարչություն, որտեղից էլ տեղափոխվել է Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժին: Նրան այնտեղից էլ ներկայացրել են Շիրակի մարզային քննչական վարչություն:
 
Հարուցված քրեական գործի նախաքննությունը վերսկսվել է:
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր