211652_close_icon
views-count19863 դիտում article-date 16:46 09-12-2021

Կոալիցիայի մասին հայտարարությունից հետո ձերբակալվել է «Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորող Ա. Հարությունյանը

Վարդենիսում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո, երբ «Ահարոն Խաչատրյան» եւ «Միասնական Վարդենիս» դաշինքները կոալիցիա կազմելու մասին հայտարարություն տարածեցին, «Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանին Սեւանի քննչական կոմիտեն հրավիրել է հարցաքննության ու ձերբակալել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Միասնական Վարդենիս»  դաշինքի անդամ Դավիթ Շահնազարյանը։

Դավիթ Շահնազարյանն ասաց, որ Քննչական կոմիտեն Արամ Հարությունյանին կալանավորելու մասին միջնորդություն է ներկայացրել դատարան։

«Մենք կարծում ենք, որ սա քաղաքական հետապնդում է եւ որեւէ կապ չունի իրավական հարթության հետ։ Եթե քաղաքական պրոցես չլիներ, ապա այդ գործընթացը վաղուց պետք է սկսված լիներ»,- նշեց նա։

Ըստ դաշինքի անդամի՝ թիմակցին ձերբակալել են նախկինում հարուցված քրեական գործով. «Եթե նախկին գործի շրջանակներում է, ապա ինչու մինչեւ այժմ այդպիսի որեւէ հրավեր կամ խոսակցություն չկար։ Այդ ձերբակալումն առաջացավ դաշինքների՝ իրար միանալու պահից սկսած»։

Նշենք, որ Վարդենիսի ՏԻՄ ընտրություններում «Ահարոն Խաչատրյան» դաշինքը ստացել է 16.51 տոկոս, «Միասնական Վարդենիս» դաշինքը՝ 37.76 տոկոս։ Եվ ընտրությունների արդյունքում ձայների 46.11%-ը ստացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի համամասնական ցուցակը գլխավորում է Վարդենիսի գործող քաղաքապետ Արամ Մելքոնյանը, չկարողացավ տեղական իշխանություն ձեւավորել:

Նմանատիպ նյութեր