Բանակային մարզիկների ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը յուրատեսակ ռեկորդ սահմանեց
Թեհրանում ավարտվեց բանակային մարզիկների ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:
Յուրատեսակ ռեկորդ սահմանեց վաստակավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած մեր հավաքականը: Բանն այն է, որ մրցագորգ ելած հայաստանցի բոլոր ութ ըմբիշները դարձան մեդալակիր:
Արման Անդրեասյանը / 70 կգ / հաղթեց բոլոր մրցակիցներին,գրավեց առաջին տեղը և նվաճեց չեմպիոնի ոսկե մեդալը:
Փոխչեմպիոնի պատվին արժանացան և << արծաթով >> պարգևատրվեցին Հրայր Ալիխանյանը / 79 կգ / և Մհեր Մարկոսյանը / 86 կգ /:
Պատվո պատվանդանի երրորդ աստիճանին կանգնեցին և բրոնզե մրցանակակիր դարձան Մանվել Խնձրցյանը / 57 կգ /, Հարություն Մանուկյանը / 61 կգ / , Մենուա Յարիբեկյանը / 74 կգ /, Հովհաննես Մխիթարյանը / 92 կգ / և գերծանրքաշային Լյովա Գևորգյանը:
Հիշարժան հաջողության առթիվ շնորհավորում ենք հավաքականի մարզիչներին, հայոց եռագույնը վեր պարզած մեր զինվորական մեդալակիրներին ու ռեկորդակիր թիմից ակնկալում նոր հաջողություններ:
Թեհրանի մարզապալատի մրցագորգերը տրամադրվել են աշխարհի առաջնության մասնակից հունառոմեական ըմբշամարտի ներկայացուցիչներին: