Սահմանազատման գործընթացը սկսվելու է զրոյական կետից․ ՀՀ-ն ընդունել է գործընթացին մասնակցելու ՌԴ առաջարկը. Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Tert.am-ը գրում է. ՌԴ նախագահի կողմից առաջարկված սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ առաջարկում խոսքը զրոյական կետից սկսելու մասին է, և ՀՀ-ն տվել է իր համաձայնությունը այդ աշխատանքներին մասնակցելու մասին։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում ասաց «Քաղաքացիական պայմանագրի» խմբակցության անդամ, Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Ի հավելումն այս հարցի՝ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ ՀՀ-ի մասնակցության վերաբերյալ ՌԴ-ն գրավոր ծանուցում է ստացել։
«Այն պահին, երբ որոշակի տեխնիկական հարցերի վերաբերյալ ձեռք կբերվի համաձայնություն, ՀՀ-ն պատրաստ է սկսել հանձնաժողովի ձևավորման գործընթացը և անցնել բուն աշխատանքներին»։
Հարցին` ինչու հանրությանը նախապես չի իրազեկվել ՌԴ նախագահի առաջարկած սահմանազատման վերաբերյալ առաջարկի ընդունման մասին, Աղաջանյանը նշեց.
«Վարչապետը բազմիցս հայտարարել է, որ ՀՀ-ն հետաքրքրված է և շահագրգռված է այս գործընթացը սկսելու մեջ։ ՀՀ-ն ընդունել է այդ առաջարկը, գրավոր ծանուցել ռուսական կողմին, հանձնաժողովի ձևավորումից հետո կսկսվեն աշխատանքները։ Չեմ հասկանում «ժողովրդի թիկունքում» գործելու արտահայտության տրամաբանությունը։ Բովանդակության մասին վաղ է խոսել, այս պահին ընթանում են նախապատրաստական աշխատանքներ»։
Ինչ վերաբերում է ՌԴ-ին դիմելու և ստեղծված իրավիճակում օգնություն ստանալուն, Աղաջանյանը նշեց.
«Հայաստանը դիմել է Ռուսաստանին աջակցություն ստանալու համար, որպեսզի առաջին հերթին վերականգնվի ՀՀ տարածքային ամբողջականությունը և հենց այս կոնտեքստում պետք է դիտարկել սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ ՌԴ-կ արած առաջարկը։ Ակնկալվում է, որ այդ գործընթացի արդյունքում այդ խնդիրը կլուծվի։ ՌԴ-ին դիմելը ինքնանպատակ չէ, այս պահին կարևոր է ՀՀ սուվերեն տարածքի անձեռնմխելիության ապահովումը»։
Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով նոյեմբերի 16-ի դեպքերից հետո հայկական կողմի ունեցած կորուստներին, նշեց.
«Այս պահի դրությամբ հաստատվել է 6 զոհի տեղեկատվությունը, մնացածի վերաբերյալ ճշգրտումներից հետո լիազոր մարմինը կներկայացնի։ Իսկ գերիների մասով որևէ շահարկումներ չպետք է թույլ տալ»։
Նույն հարցի վերաբերյալ Աղաջանյանն ընդգծեց.
«ՀՀ-ն ամեն ինչ անելու է գերեվարվածներին վերադարձնելու համար, բայց պետք է հասկանանք, որ սա իրավական պետություն է, և որոշակի իրավական գործընթացներ պետք է տեղի ունենան, որպեսզի պատկան մարմինները պատկերացում կազմեն, թե ինչ պայմաններում են մեր հայրենակիցները հայտնվել այդ կարգավիճակում, սա բխում է իրավական պետության տրամաբանությունից»։
Ինչ վերաբերում է սահմանային իրավիճակին, Քոչարյանը հավելեց, որ այս պահին հարաբերականորեն կայուն է.
«Դա չի նշանակում, որ մենք մեր զգոնությունը պետք է կորցնենք, պետք է մեկտեղենք մեր ջանքերը, որ հակառակորդը որևէ հնարավորություն չունենա իր գործողություններով ներքին լարվածություն առաջացնել։ Դա կբերի միայն մեր զինված ուժերում լրացուցիչ կորուստների»։