211652_close_icon
views-count5390 դիտում article-date 14:00 15-11-2021

«Այսօր կփորձենք որոշում կայացնել ՀՀ անվտանգության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված մեր գործողությունների վերաբերյալ». Փաշինյանի գլխավորությամբ կայացել է ԱԽ նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին բացի ԱԽ անդամներից մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Այս մասին հայտնում է վարչապետի աշխատակազմը:

Նիստի սկզբում վարչապետ Փաշինյանը նշել է.

«Ազգային ժողովի մեծարգո նախագահ,

Անվտանգության խորհրդի հարգելի անդամներ,

հարգելի գործընկերներ,

երեկվանից մենք այս կազմով, տարբեր ձևաչափերով մի քանի անգամ հանդիպումներ և քննարկումներ ենք ունեցել: Քննարկումների առարկան եղել է հայ-ադրբեջանական սահմանի արևելյան տեղամասերից մեկում ադրբեջանական զորքերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժման փաստը: Այսօր նիստի  նպատակը մեր քննարկումներն ամփոփելն է, նաև մեր հանրությանն ամբողջական տեղեկատվություն տալը տեղի ունեցած իրադարձությունների մասին:

Մինչ այդ ուզում եմ ընդգծել, որ ես որոշում եմ կայացրել Արշակ Կարապետյանին ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնից և այդ պաշտոնում նշանակել Սուրեն Պապիկյանին, ով այս պահին զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնը:

Այս որոշումը կայացվել է երեկվանից ծավալվող իրադարձությունների վերլուծության արդյունքում: Ես պարոն Կարապետյանին առավոտյան հրավիրել եմ և շնորհակալություն հայտնել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում իր կատարած աշխատանքի համար, ասել եմ, որ գնահատում եմ կատարված աշխատանքը, բայց այս պահին իրադրությունն ինձ հանգեցրել է որոշման, որ պիտի Պաշտպանության նախարարի փոփոխություն տեղի ունենա:

Այսօր մենք նախ կլսենք Գլխավոր շտաբի պետի՝ պարոն Դավթյանի զեկույցը ստեղծված իրադրության և ընդհանուր առմամբ օպերատիվ իրավիճակի մասին, նաև իրավիճակի վերլուծություն կանենք և մի քանի ուղղություններով կփորձենք որոշում կայացնել Հայաստանի Հանրապետության անվտանգության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված մեր գործողությունների վերաբերյալ»: 

Նմանատիպ նյութեր