211652_close_icon
views-count1945 դիտում article-date 14:22 31-10-2021

Գյումրիում բացվեց մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանի հուշատախտակը

Գյումրու Սպանդարյան 24 հասցեում բացվեց  Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանի հուշատախտակը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հուշատախտակի  բացման պատիվը տրվեց Գյումրու համայնքապետի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանին և հուշատախտակի քանդակի հեղինակ Վահագն Պապոյանին:

Հասմիկ Կիրակոսյանի դուստր Սոնա Հարությունյանի խոսքով՝ քանդակը ստացված է. «Հրաշք քանդակ է․ մայրիկս նայում է իր սիրած քաղաքին։ Այս շենքի երրորդ հարկում մայրիկիս պատշգամբներն են, որտեղից նա նստած՝ միշտ հետևում էր քաղաքի անցուդարձին»։

Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի խոսքով էլ՝  Հասմիկ Կիրակոսյանը գյումրիագիտության մեծ վարպետ էր։ «Երբ ես եկա մեր սիրելի քաղաք՝ իբրև առաջնորդ, շատ երիտասարդ էի, ես փնտրում էի այս քաղաքի մեծերին, որոնցից կարող էի սովորել, ես գտա երեք մեծ․ առաջինը լուսահոգի Աղասի Շաբոյանն էր, որի հետ մեր հանդիպումները եղան շատ կարճ, բայց շատ բովանդակալից, երկրորդը Ռաֆայել Եղոյանն է, երրորդը՝ տիկին Հասմիկ Կիրակոսյանն էր՝ գյումրիագիտության մեծ վարպետը, Գյումրիի կոլորիտագիտության մեծ գիտակը, ում հետ մեր ամեն հանդիպումը լինում էր հախուռն, փոթորկոտ, երբեմն նաև վիճաբանությամբ ուղեկցվող, բայց միշտ ինչ որ մի բան տալիս էր»,- հիշում  է սրբազանը:

Միջոցառումը շարունակվեց Հայորդաց տանը, որտեղ կայացավ Հասմիկ Կիրակոսյանի «Նվիրում» գրքի շնորհանդեսը։ Գրքում  հեղինակը ընթերցողին ներկայացնում է իր անցած ուղին ու  իր բանաստեղծությունները։ Գրքի շնորհանդեսը նախատեսված էր դեռ կազմակերպել մշակույթի վաստակավոր գործիչ, Գյումրու պատվավոր քաղաքացի Հասմիկ Կիրակոսյանի կենդանության օրոք։

Միջոցառման շրջանակներում ցուցադրվեց նաև «Նվիրում» վավերագրական ֆիլմը, որը 1976 թվականից քաղաքի ու մարզի մշակութային ոլորտը ղեկավարած Հասմիկ Կիրակոսյանի մասին է։ Միջոցառումների շարքը եզրափակվեց Գյումրու  պետական սիմֆոնիկ  նվագախմբի  համերգով։

Նմանատիպ նյութեր