211652_close_icon
views-count3770 դիտում article-date 12:01 25-10-2021

Տրանսպորտային ճանապարհների ապաշրջափակումը հետագայում բերելու է ավելի խորը շրջափակման. Սեյրան Օհանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. News.am

Տրանսպորտային ճանապարհների ապաշրջափակումը  հետագայում բերելու է ավելի խորը շրջափակման։ Այս մասին հոկտեմբերի 24-ին՝ Գյումրիում, մարզային այցելությունների ընթացքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Ցավալի է այն, որ նույնիսկ պատերազմից հետո այսօրվա իշխանությունները հետեւություններ չարեցին: Պարտությունների շարանը շարունակվեց, Ադրբեջանը, թուրքերը հայտնվեցին Հայաստանի սահմաններում, դեռ ավելին՝ ներխուժեցին մեր սահմաններից ներս՝ գրավելով այն  կարեւորագույն ռազմավարական կետերը, որոնք բարձունքներն են, ճանապարհներ են, ՀՀ-ի սահմանամերձ բնակավայրերի կենսունակությունն ապահովող ենթակառուցվածքներ են»,- նշեց Սեյրան Օհանյանը։


Սեյրան Օհանյանի խոսքով՝ դրանք այսօր նաեւ շահարկման, Հայաստանին ճնշելու առիթ են հանդիսանում:

«Հիմնական նպատակն այն է, որպեսզի Հայաստանի եւ Արցախի շուրջ օղակն ավելի սեղմեն, այսպես կոչված՝ տրանսպորտային ճանապարհների ապաշրջափակումը  հետագայում բերելու է ավելի խորը շրջափակման, այն արտահայտվելու է տնտեսական ճշումների, եւ նաեւ ամենացավալին՝ տվյալ շրջաններում՝ Սյունիք, Գեղարքունիք, մեր ժողովրդագրական նկարագրի փոխման»,- ասաց Օհանյանը։

Ըստ պատգամավորի՝ թուրքերը տարբեր պատրվակներով՝  տնտեսության զարգացման, կապեր հաստատելու առումով գալու են, լցվեն Հայաստան եւ անորոշ է դառնալու Արցախի, Հայաստանի հեռանկարային ողջ պատմությունը:

Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ իրենց վերջին մեկ ամսվա միջոցառումների հիմնական նպատակն ազգային դիմադրության ձեւավորումն է՝ ոչ Հայաստանի թրքացմանը եւ ոչ Արցախի  հայաթափմանը կարգախոսի ներքո:

«Այսօր նաեւ Հայաստանում, տարածաշրջանում տիրող իրավիճակի առումով  որոշակի անորոշություններ ենք տեսնում: Այսօր արդեն իսկ մեր իշխանությունների մի մասը հանրության  դատին են նետել այնպիսի մի թեզ, որ նոյեմբերի 9-ին նորից կստորագրվի հերթական կապիտուլյացիայի ինչ-որ փաստաթուղթ, իսկ  այս փաստաթուղթը գլոբալ առումով, ես կարծում եմ, վերաբերելու է տարածաշրջանում, ինչպես իրենք են ասում,  խաղաղության  ամրապնդմանը: Խաղաղություն նշանակում է  ճանաչել հակառակորդի տարածքային ամբողջականություն, իսկ ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը նշանակում է  մի մեծ քար նետել Արցախի ինքնորոշման, ճակատագրի վրա»,- ասել է Ս. Օհանյանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր