211652_close_icon
views-count1076 դիտում article-date 18:50 22-10-2021

Դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված 28 անձ դիպլոմ է ստացել

ՀՀ արդարադատության ակադեմիայում ուսումնառության ծրագիրն ավարտած և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված 28 անձի այսօր հանձվել են դիպլոմներ:

ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի ունեցած արարողությանը մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ Գևորգ Բաղդասարյանը, ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը:

 Ակադեմիայի հերթական շրջանավարտներին շնորհավորելով ուսումնառությունը բարեհաջող ավարտելու և դատախազության համակարգ մուտք գործելու իրավունքը վաստակելու համար՝ ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտորը նշել է, որ դատախազների թեկնածուների ստացած գիտելիքներն ու հմտությունները բավարար են հետագայում իրենց մասնագիտական գործունեությունը բարձր մակարդակով և բարեխղճորեն իրականացնելու համար:

 ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ևս շնորհավորել է երիտասարդներին, նշել, որ նրանք ընտրել են բավականին պատասխանատու, բարդ, մեծ զոհողություններ, էներգիա և կենտրոնացում պահանջող, միևնույն ժամանակ խիստ պատվաբեր և կայուն, զարգացող, իրավահեն պետության կերտման ճանապարհին առանցքային կարևորություն ունեցող գործունեության ոլորտ: Դրան, ըստ գլխավոր դատախազի, պետք է մոտենալ ոչ թե սոսկ իբրև աշխատանքի, այլ  որպես առաքելության:

«Հատկապես մեր երկրի համար ներկայիս բարդ ժամանակահատվածում չափազանց մեծ է դատախազության համակարգի պատասխանատվությունը սահմանադրությամբ իրեն վերապահված գործառույթների համատեքստում պետության և հասարակության բնականոն կենսագործունեությունն ապահովելու, մեր երկրի ներքին իրավական անվտանգության ապահովման հարցում:

Դատախազության համակարգ մուտք գործող ցանկացած անձ իրեն պետք է զգա պետության մաս՝ ունենալով պետական մտածողություն և իրապես իր երկրին ու ժողովրդին ծառայելու գիտակցում ու նվիրում: Դատախազ դառնալու պարագայում ձեր յուրաքանչյուր դատավարական որոշում մարդկանց ճակատագրի է վերաբերելու, և յուրաքանչյուր որոշման որակով, մարդկային ու մասնագիտական նկարագրով, կենցաղով ու վարքագծով միասին մեր հանրությանը տալու ենք ազդակներ, թե որքանով ենք գործնականում ուզում ունենալ արդար, օրենքի ու իրավունքի, բոլորի իրավահավասարության վրա խարսխված հայրենիք ու պետություն, որքանով ենք ունակ նպաստելու մարդակենտրոն քրեական արդարադատության իրականացմանը, մարդու ու պետության իրավուքնների պաշտպանությանը: Մեր համատեղ աշխատանքի որակը ուղիղ համեմատական է մեր պետության արդյունավետությանն ու կենսունակությանը»,-ասել է ՀՀ գլխավոր դատախազը:

Դիպլոմներ ստացող դատախազության թեկնածուներին մաղթելով հաջողություններ՝ Արթուր Դավթյանը ակնկալիք է հայտնել, որ նրանք իրենց հետ համակարգ կբերեն նոր շունչ, նոր աշխատելաոճ, նոր գաղափարներ և, ավագ գործընկերներից ստանալով նաև բավարար փորձառություն՝ կնպաստեն ժամանակի պահանջներին, իրավական մտքի զարգացման միտումներին համարժեք դատախազության զարգացմանը:

Համակարգը որակյալ երիտասարդ կադրերով համալրելու կարևորագույն խնդրի լուծման ճանապարհին Արդարադատության ակադեմիայի ստանձնած դերակատարության, դատախազների թեկնածուների ուսումնառության գործընթացը որակյալ կազմակերպելու համար ՀՀ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել նաև Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանին:  

Նմանատիպ նյութեր