211652_close_icon
views-count3526 դիտում article-date 16:51 06-10-2021

Նոր կանխատեսում. Համաշխարհային բանկի կանխատեսմամբ Հայաստանն այս տարի կգրանցի 6,1 տոկոս տնտեսական աճ

Համաշխարհային բանկը հրապարակել է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրներում տնտեսությանն առնչվող զեկույցն ու ներկայացրել ընթացիկ և հաջորդ երկու տարվա կանխատեսումները՝ կապված ՀՆԱ-ի աճի հետ:

Ըստ այդմ, Հայաստանի տնտեսական աճը այս տարի, ըստ ՀԲ կանխատեսումների, կկազմի 6,1 տոկոս (նախկինում կանխատեսվել էր 3,4 տոկոս), 2022-ին՝ 4,8 տոկոս, իսկ 2023 թվականին՝ 5,4 տոկոս:

Զեկույցում նշվում է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում «Քովիդ-19»-ով վարակման դեպքերի  աճ է գրանցվել, առավել մեծ ցուցանիշներ են արձանագրվել Ադրբեջանում և Վրաստանում: Հայաստանում, ինչպես ակնկալվում է, չորրորդ եռամսյակում ուժի մեջ կմտնեն պատվաստմանն ու թեստավորմանն առնչվող պահանջները:

«Երեք տնտեսությունն էլ նշանակալի բարելավում են արձանագրել տարվա ընթացքում, մասնավորապես՝ ծառայությունների մատուցման ոլորտում: Հայաստանում տնտեսության վերականգնումը պայմանավորված է նավթի և մետաղների ներքին պահանջարկի աճով: Թեև զբոսաշրջության մակարդակը բարեավել է 2020 թվականի համեմատ, այն շարունակում է 60 տոկոսով ավելի ցածր լինել, քան նախահամավարակային շրջանում»,- ասվում է զեկույցում:

Նշվում է, որ Հայաստանի տնտեսությունը արագ զարգացում է գրանցել 2017-2019 թվականներին՝ ՀՆԱ-ի միջին տարեկան 6,8 տոկոս աճով: Սակայն 2020 թվականին համավարակով և ռազմական հակամարտությամբ պայմանավորված տնտեսությունը հետընթաց է ապրել 7,4  տոկոսով, ինչի հետևանքով կտրուկ աճել է աղքատության մակարդակը, հատկապես՝ քաղաքային համայնքներում:

ՀԲ երևանյան գրասենյակի փոխանցմամբ,  այս տարվա առաջին կիսամյակում արձանագրված զարմանալիորեն ուժեղ վերականգնումը խթանեց տնտեսական ակտիվությունը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի նոր ձևավորվող շուկաներ և զարգացող տնտեսություն ունեցող երկրներում, և, կանխատեսումների համաձայն, 2021թ տարածաշրջանային տնտեսության աճը կլինի սպասվածից բարձր, այն է՝ 5.5 տոկոս, նշված է այսօր հրապարակված Համաշխարհային բանկի ԵԿԱ տարածաշրջանի տնտեսական տեսության ամենավերջին խմբագրված տարբերակում:

Վերականգնումը մեծապես պայմանավորված էր այս տարվա առաջին կիսամյակում եվրոգոտում գրանցված ակտիվության արագ վերականգնման և ապրանքների գների շեշտակի աճի պայմաններում արտահանումների հզոր վերականգնմամբ, ինչպես նաև պատվաստումների և աջակցության փաթեթների տրամադրման արդյունքում ներքին պահանջարկի աճով:

Մանրամասները՝ հղումով։

Նմանատիպ նյութեր