211652_close_icon
views-count1495 դիտում article-date 20:32 30-09-2021

«Արմենիա» միջազգային փառատոնը մեծ դեր ունի դասական երաժշտության զարգացման հարցում». Մարկ Բուշկով

Սեպտեմբերի 29-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և ջութակահար Մարկ Բուշկովի համատեղ համերգով մեկնարկել է «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը։

Ծրագրում հնչել են Սերգեյ Պրոկոֆև՝ քայլերգ «Սեր առ երեք նարինջները» օպերայից, Պրոկոֆևի Ջութակի թիվ 1 կոնցերտը և Մոդեստ Մուսորգսկու «Պատկերներ ցուցահանդեսից» ստեղծագործությունը՝ Մորիս Ռավելի նվագախմբային փոխադրմամբ։ Մեկ ամսվա ընթացքում դասական երաժշտության սիրահարները հնարավորություն կունենան վայելելու 12 սիմֆոնիկ և 5 կամերային համերգներ։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ «Արմենիա» փառատոնը գործունեության ընթացքում իր և մեր երկրի շուրջ է համախմբում համաշխարհային հռչակ վայելող բազմաթիվ երաժիշտների։ «Փառատոնն ամբողջովին համապատասխանում է միջազգային չափանիշներին։ Սա մի փառատոն է, որը ներկայացնում է տարբեր թիմերի, կոլեկտիվների համագործակցությունը։ Փառատոնի շրջանակներում ելույթ կունենա նաև Հայաստանի պետական կամերային նվագախումբը»։

Խոսելով բացման համերգի մենակատար Մարկ Բուշկովի մասին՝ Սերգեյ Սմբատյանը շեշտեց, որ վերջինս Չայկովսկու անվան և մի շարք այլ միջազգային մրցույթների դափնեկիր է, փայլուն ջութակահար, ում հետ համագործակցել է և՜ Հայաստանում, և՜ Հայաստանից դուրս։ Դիրիժորն ընդգծեց, որ նախորդ համերգաշրջանը բավականին բարդ էր՝ հաշվի առնելով քովիդով պայմանավորված իրավիճակը, սակայն հույս հայտնեց, որ նախորդ համերգաշրջանի ընթացքում բաց թողածը կկարողանան լրացնել ընթացիկ համերգաշրջանում և կյանքի կկոչեն բոլոր ծրագրերը։ Սերգեյ Սմբատյանը տեղեկացրեց նաև, որ նվագախմբի՝ մեկնարկող 16-րդ համերգաշրջանը բավականին հագեցած ու խիտ է. փառատոներից, համերգներից բացի, ունենալու են նաև ձայնագրություններ, նախատեսված են համերգային շրջագայություններ։ «Լինելու է ոչ հեշտ, սակայն վստահ եմ, որ մենք կլուծենք բոլոր ծառացած խնդիրները»,- ասաց մաեստրո Սմբատյանը։

Ջութակահար Մարկ Բուշկովը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ երրորդ անգամ է ելույթ ունենում Հայաստանում, և շատ ուրախ է կրկին հանդես գալ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ. «Թե՜ փորձերի, թե՜ համերգների ընթացքում զգում ես նվագախմբի ու դիրիժորի բարձր պրոֆեսիոնալիզմը»։

Խոսելով Պրոկոֆևի Ջութակի կոնցերտի մասին՝ Բուշկովն ընդգծեց, որ ուրախ է Հայաստանում կատարել աստվածային, նրբագույն այդ երաժշտությունը։ Նա նաև շեշտեց, որ ինքը հաճույքով է կատարում նաև հայկական երաժշտությունը. ներկայացրել է Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը, Առնո Բաբաջանյանի ստեղծագործություններից։

Ջութակահարն ընդգծեց, որ «Արմենիա» միջազգային փառատոնը մեծ դեր ունի դասական երաժշտության զարգացման հարցում, և շատ ուրախ է երևանյան դահլիճներում տեսնել երիտասարդ ունկնդիրների։ Հիշեցնենք, որ « Արմենիա » միջազգային փառատոնը հիմնադրվել է 2017 թվականին՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի (EUFSC) նախագահ Կոնստանտին Իշխանովի համատեղ ջանքերով:

Փառատոնի անցկացմանն աջակցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Փառատոնի շրջանակում հաջորդ համերգը տեղի կունենա հոկտեմբերի 2-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր