211652_close_icon
views-count1146 դիտում article-date 13:54 14-09-2021

Երևանը և Լայպցիգը կհամագործակցեն. ստորագրվել է մտադրությունների հուշագիր

Երևանի ու Գերմանիայի Սաքսոնիա երկրամասի Լայպցիգ քաղաքի միջև ստորագրվել է բարեկամական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ մտադրությունների հուշագիր: Հուշագրով երկու քաղաքները համագործակցություն կծավալեն մշակույթի, տնտեսության, զբոսաշրջության, երիտասարդության և մարզական բնագավառներում: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։

Հեռավար հանդիպման ընթացքում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու Լայպցիգի քաղաքապետ Բուրքհարդ Յունգը քննարկել են երկու քաղաքների միջև սկիզբ առնող համագործակցության անելիքներն ու հեռանկարները:

Հանդիպմանը մասնակցել են նաև Երևանի ավագանու խմբակցությունների ղեկավարները:
Շնորհակալություն հայտնելով համագործակցության պատրաստակամության համար՝ Լայպցիգի քաղաքապետ Բուրքարդ Յունգը համոզմունք է հայտնել, որ ստորագրված հուշագիրը հնարավորություն կտա առարկայական գործակցություն ծավալել քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում:

«Գալիք տարիներին լայպցիգցիներն ու երևանցիներն են լինելու այս կապը պահպանողն ու կյանքի կոչողը: Ուրախ եմ հնարավոր փոխանակումների, համատեղ նախագծերի, բազմաթիվ հանդիպումների համար: Այս առումով պետք է հոգ տանել, որ Լայպցիգը և Երևանը փոխկապված մնան ոչ միայն թղթի վրա, այլև կյանքի կոչենք բազմաշերտ համագործակցությունը: Մեր երկու քաղաքապետարանները, դեսպանություններն ու հայկական մշակութային համայնքը վստահաբար կանեն հնարավորինը՝ այս գործին իրենց նպաստը բերելու համար»,- նշել է Բուրքարդ Յունգը:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր հերթին առանձնակի կարևորել է ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի դերը, Լայպցիգում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսի գրասենյակի գործունեության մեկնարկն, ինչպես նաև տեղի հայ համայնքի ներուժը:

«Երևանը, ինչպես աշխարհի բազմաթիվ մեծ քաղաքներ, ունի տարատեսակ մարտահրավերներ, և մեզ չափազանց հետաքրքիր է ուսումնասիրել քաղաքային տնտեսության կառավարման համակարգի լայպցիգյան փորձը: Այս փաստաթուղթը ներառում է երկու քաղաքների միջև համագործակցության բավական հետաքրքիր ուղղություններ, զուգահեռաբար մենք կարևորում ենք նաև տնտեսական ծրագրերի իրականացումը:

Այս համատեքստում սիրով հրավիրում եմ ամենատարբեր ոլորտներում Լայպցիգի գորածարարներին դիտարկել Երևանում ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունները»,-ընդգծել է Հայկ Մարությանը։

Հանդիպմանը ելույթներով հանդես են եկել նաև ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը և Սաքսոնիա երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոսի առաքելությունն ստանձնած պրոֆեսոր Լուկաս Ֆլյոթերը:

Մտադրությունների հուշագրի՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից նախապես ստորագրված օրինակը, որն ուղարկվել էր Լայպցիգ, հեռավար հանդիպման ժամանակ հանդիսավորությամբ ստորագրեց Լայպցիգի քաղաքապետ Բուրքարդ Յունգը:

Հուշագրով նախատեսված մշակութային միջոցառումներով նախատեսվում է, մասնավորապես, Երևանում անցկացնել Բախին նվիրված համերգների շարք:

Նմանատիպ նյութեր