211652_close_icon
views-count86095 դիտում article-date 21:37 30-08-2021

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են լուսաձայնային ազդանշանը միացրած, հիվանդ տեղափոխող շտապօգնության Nissan-ն ու Mercedes-ը. Nissan-ը կողաշրջվել է, 8 հոգի տեղափոխվել են հիվանդանոցներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում Արցախի պողոտա-Ռոստովյան փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ, 38-ամյա Կոլյա Սուքիասյանի վարած, ՀՀ առողջապահության նախարարության հաշվեկշռում հաշվառված Nissan մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ,  34-ամյա Մկրտիչ Ֆարիզյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով  Nissan-ը կողաշրջվել է:

Օպերատիվորեն  դեպքի վայր են ժամանել Երևանի շտապօգնության մի քանի բժիշկների հերթապահ խմբեր, ովքեր տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել 8 վիրավորի, ապա տեղափոխել Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Դեպքի վայրում  հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ շտապօգնության ավտոմեքենան լուսաձայնային ազդանշանները միացած է եղել և հիվանդ տեղափոխելիս է եղել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Վիրավորներից մի քանիսին  հիվանդանոց են  ուղեկցել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի հրամանատար Խաչիկ Սամվելյանն ու հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանը:

Այս պահին տեղում ուժեղացված  ծառայություն են կատարում Երևանի գնդի  3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները՝ գումարտակի  հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Ֆոտոլրագրողը  հայտնում է, որ պարեկների ճիշտ աշխատանքի արդյունքում ոչ մի խցանում տեղի չունեցավ և շտապօգնության  ավտոմեքենաները կարողանում էին առանց խոչընդոտի երթևեկել:

Վարորդները տեղում ենթարկվեցին սթափության փորձաքննության,  երկուսն էլ եղել են սթափ:

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի  գնդից տեղեկությունը փոխանցել են  պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է  հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ:

Ոստիկանությունը պարզում է վիրավորների  ինքնությունը:

Օպերատիվորեն  ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 2 հրշեջ-փրկարարական  ջոկատի փրկարարները՝  1 մարտական հաշվարով:

Վիրավորներից մի քանիսին քաղաքացիների օգնությամբ փրկարարներն են մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 166+
166+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր