211652_close_icon
views-count66489 դիտում article-date 19:21 12-08-2021

Էջմիածնում առանձնակի դաժանությամբ տարեց տղամարդուն սպանած, իսկ 2 հոգու մարմնական վնասվածքներ պատճառած Իսպանիայի 35-ամյա քաղաքացին կալանավորվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 11-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Սամվել Տոնոյանի որոշմամբ քննչական խմբի ղեկավար նշանակված, Վաղարշապատի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գևորգ Գաբրիելյանը միջնորդություն է ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության Արմավիրի դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Իսպանիայի Հանրապետության քաղաքացի՝ 35-ամյա Արման Մ-ի նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Ադրինե Ղուկասյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննիչի միջնորդությունը և Արման Մ-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արման Մ-ն դատարանի դահլիճից տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 8-ին սպանություն էր տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 06։50-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։

Հիվանդանոց էին ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, բաժնի պետի օպերգծով տեղակալ Վահան Մաթևոսյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանը, բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Ֆիշյանը։

Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Սամվել Տոնոյանը, նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանը և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գևորգ Գաբրիելյանը։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել էին, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում են հետազոտման փուլում։

Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել էին, որ վիրավորներն են Էջմիածին քաղաքի բնակիչներ՝ 72-ամյա Շողակաթ Գրիգորյանը և 64-ամյա Սարգիս Մինասյանը։

Մինչ բժիշկները վիրավորներին օգնություն էին ցուցաբերել, ինչի շնորհիվ հնարավոր էր եղել նրանց կյանքը փրկել, Էջմիածնի ոստիկանները պարզել էին, որ նշված անձանց հիվանդանոց էին տեղափոխել Թամանյան փողոցի 20Ա տանից։  

Մարզի ոստիկանապետի և քննչականի պետի գլխավորությամբ ոստիկաններն ու քննիչները, ժամանելով նշված հասցե, 2-րդ հարկի հյուրասենյակում հայտնաբերել էին նույն տան բնակիչ՝ 74-ամյա Վիլեն Գրիգորյանի դին։

Տեղում աշխատել էր նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության փորձաքրեագիտական բաժնի փորձաքրեագետը, դեպքի վայրում էլ զննություն էին կատարել քննիչները՝ ՀԿԳ ավագ քննիչ Գ. Գաբրիելյանի գլխավորությամբ։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվելէին տեսախցիկի առաջ խոսել, ասել էին. «Առավոտ շուտ էր, իմացանք, որ 20Ա տանը սպանություն է տեղի ունեցել։ Տղամարդը, ով վարձով էր բնակվում էդտեղ, մի քանի դանակներով տանտերերին դանակահարել ա։ Էդ պահին հարևանը, վտանգելով իր կյանքը, մոտեցել է, որ բաժանի, օգնի, էդ տականքը նրան էլ ա հարվածել, որից հետո էդ մարդկանց թողնելով անօգնական՝ փախել ա։ Բայց լսեցինք, որ Արմավիրի մարզի ոստիկանապետի, Էջմիածնի ոստիկանապետի ու օպերգծով տեղակալի շնորհիվ սպանությունը կատարողը բռնվել ա ու տեղափոխվել ա Էջմիածնի ոստիկանություն։ Մի կողմից ցավ ենք ապրում դեպքի համար, մյուս կողմից էլ ուրախացել ենք, որ բռնեցին, թե չէ, որ փախներ Իսպանիա, ո՞վ էր էլ նրան գտնելու»։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ենթադրյալ կասկածյալը, ով որպես վարձակալ, բնակվում էր այդ տանը, ամիսներ առաջ Հայաստան վերադարձած, Իսպանիայի քաղաքացի, 35-ամյա Արման Մ-ն է։  

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 232+
232+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր