211652_close_icon
views-count23157 դիտում article-date 21:43 03-08-2021

Թուրքիան առանց հիմնավորման արգելում է հայկական օդանավերի մուտքն իր երկինք. Հայաստանը հայելային արգելք չի դրել. Hetq.am

Թուրքիան 2020 թ. սեպտեմբերից արգելում է հայկական գրանցում ունեցող օդանավերի մուտքը իր երկինք, սակայն դա անում է առանց հիմնավորման, գրում  է Hetq.am-ը։

Ըստ հրապարակման՝ մեր երկրում գրանցված բոլոր քաղաքացիական օդանավերը կրում են ICAO-ի կողմից հաստատված ՀՀ ազգային նիշը՝ EK: Իսկ պետական ոչ ռազմական օդանավերի վրա գրվում է «Հայաստան» (Armenia) կամ «Հայաստանի Հանրապետություն» (Republic of Armenia): Օգոստոսի 2-ի դրությամբ ՀՀ-ում գրանցված է 19 քաղաքացիական օդանավ եւ 1 պետական օդանավ, որը կառավարական բորտն է:

Քաղավիացիայի եւ պետական ոչ ռազմական ավիացիայի վերահսկող մարմինը ՀՀ քաղավիացիայի կոմիտեն է: Վերջինիս հարցում էինք ուղարկել՝ պարզելու, թե 2020 թ. 44-օրյա պատերազմի ժամանակ եւ դրանից հետո ինչ արգելքներ են գործել հակամարտող կողմերի օդային տարածքներում միմյանց հանդեպ:

Այսպիսով՝ կոմիտեն հայտնել է, որ հայ-ադրբեջանական հակամարտության մասնակից դարձած Թուրքիայի կողմից որեւէ աերոնավիգացիոն տեղեկատվություն (NOTAM) չի հրապարակվել հայկական գրանցումով (EK) օդանավերի մուտքը իր երկինք արգելելու մասին, սակայն 2020 թ. սեպտեմբերի 9-ից, երբ թուրք-ադրբեջանական տանդեմն ընդդեմ Արցախի ու Հայաստանի դեռ պատերազմ չէր սանձազերծել, հայկական գրանցումով օդանավերի թռիչքները մեր արեւմտյան հարեւանի օդային տարածքով արգելվել են՝ առանց հիմնավորման: Այլ կերպ ասած՝ սեպտեմբերի 9-ից Թուրքիան Հայաստանի տարածքը շրջափակել է ոչ միայն ցամաքից, այլեւ օդից՝ ցույց տալով իր ակնհայտ թշնամական վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, բայց պաշտոնապես չի ծանուցել արգելքի մասին:

Չհայտարարված արգելքի փաստացի կիրառումը հայտնի է դարձել այն բանից հետո, երբ Թուրքիան մերժել է հայկական օդանավ շահագործողների հարցումները իր երկնքով թռիչքներ կատարելու վերաբերյալ: Առաջին մերժումը եղել է սեպտեմբերի 9-ին, ապա՝ նույն ամսվա 18-ին, 25-ին եւ 2021 թ. մարտի 19-ին ու 23-ին:

Քաղավիացիայի կոմիտեն նշում է, որ համաձայն միջազգայնորեն ընդունված ընթացակարգերի՝ օդային տարածքի օգտագործման արգելքների կամ սահմանափակումների մասին ինֆորմացիան հրապարակվում է տվյալ պետության (այս դեպքում՝ Թուրքիայի) աերոնավիգացիոն տեղեկատվական փաթեթի միջոցով, բայց Թուրքիան, ինչպես ասվեց, նման տեղեկատվություն (NOTAM) չի հրապարակել: Այսինքն՝ թղթի վրա արգելք չկա, բայց իրականում կիրառվում է:

ՔԱԿ-ի փոխանցմամբ՝ վերջին անգամ Թուրքիան իր երկնքով հայկական քաղաքացիական օդանավի թռիչքի թույլտվություն տվել է 2020 թ. օգոստոսի 29-ին, ինչից հետո բոլոր հարցումները մերժել է:

Ինչ վերաբերում է ՀՀ պետական միակ ինքնաթիռին, ապա անցյալ տարվա հուլիսի 24-ին Թուրքիան մերժել է այս օդանավի տարանցիկ (տրանզիտ) տեխնիկական թռիչքը, եւ այս նախադեպից հետո ՀՀ պետական օդանավի թռիչքներն այլեւս Թուրքիայի տարածքով չեն պլանավորվում, այսինքն՝ 2020 թ. ամառվանից Հայաստանի կառավարական բորտը այլ երկրներ մեկնելիս շրջանցում է Թուրքիայի օդային տարածքը:

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր