211652_close_icon
views-count2455 դիտում article-date 22:52 30-07-2021

Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթը կարճվել է. հասկացել են՝ կհայտնվեն ծիծաղելի կարգավիճակում

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ռուս մեծ գրող Մ. Բուլգակովի ստեղծագործություններից մեջբերում անելու համար Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը կարճվել է։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցել ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Որոշման կայացման առիթ է հանդիսացել դատավորի կողմից իր հարցազրույցում Մ.Բուլգակովի ստեղծագործություններից մեջբերում անելը՝ «մեր դժբախտությունը կայանում է նրանում, որ մարդիկ, ովքեր պետք է հաբեր ընդունեն, օրենքներ են ընդունում»։

Անդրադառնալով ԲԴԽ լիազորություններն ընդլայնող օրենքի նախագծին, դատավոր Ալեքսանդր Ազարյանը նշել էր.

«Ես կրկնում եմ՝ իմ ընկեր, ծանոթ շատ պաշտպաններ արդեն իսկ ասել են, որ միտումնավոր բողոքներ են ներկայացնելու՝ ցույց տալու, թե ինչ հիմար օրենքներ են ընդունել: Ստացվում է, որ ԲԴԽ-ն էլ անելիք չունի, պետք է նստի ու անհեթեթ բողոքներով զբաղվի: Այստեղ տեղին է մեջբերել Բուլգակովի հայտնի արտահայտությունը. «Մեր դժբախտությունը կայանում է նրանում, որ մարդիկ, ովքեր պետք է հաբեր ընդունեն, օրենքներ են ընդունում»: Այս մարդիկ չեն հասկանում, որ մեղադրյալին կալանավորելու համար պետք են պայմաններ և հիմքեր»։

Հարցազրույցից հետո ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի որոշմամբ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել, որը հետագայում կարճվել է։ Փաստաբան Տիգրան Աթանեսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը։

Դատավորի նկատմամբ այս պահին այլ կարգապահական վարույթ չկա։

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր