211652_close_icon
views-count2342 դիտում article-date 20:36 29-07-2021

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն անհրաժեշտ են համարում առանց նախապայմանների բանակցությունները և ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորումը

Մինսկի խմբի համանախագահները (Ստեֆան Վիսկոնտի` Ֆրանսիա, Էնդրյու Շոֆեր՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Իգոր Խովաև՝ Ռուսաստանի Դաշնություն) հանդես են եկել հայտարարությամբ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Համանախագահները մտահոգությամբ են վերաբերվում Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով տեղի ունեցած վերջին միջադեպերին, ներառյալ զոհերի և մարդկային կորուստների մասին հաղորդագրություններին: Համանախագահները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ նվազեցնել լարվածությունը, ձեռնպահ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից, ամբողջությամբ կատարել իրենց պարտավորությունները նոյեմբերի 9-ի հայտարարության և հրադադարի մասին այլ պայմանավորվածությունների համաձայն:

Համանախագահները վերահաստատում են հակամարտության բոլոր մնացած հիմնական հարցերի բանակցված, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը և կողմերին կոչ են անում հնարավորինս շուտ վերադառնալ բանակցություններին՝ համանախագահների հովանու ներքո: Նրանք կրկնում են իրենց հովանու ներքո երկկողմ ուղղակի խորհրդակցություններ կազմակերպելու  առաջարկը, որպեսզի կողմերը վերանայեն և համատեղ համաձայնեցնեն կառուցվածքային օրակարգը` արտացոլելով իրենց առաջնահերթությունները` առանց նախապայմանների:

Համանախագահները վերահաստատում են իրենց ամուր աջակցությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և նրա թիմի շարունակական ջանքերին»:

Նմանատիպ նյութեր