211652_close_icon
views-count1915 դիտում article-date 15:51 29-07-2021

Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան

Երևանի ավագանին արտահերթ նիստում այսօր քննարկեց և որոշեց բարձրացնել քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի հաստիքային միավորների դրույքաչափերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը ներկայացրեց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Հովհաննիսյանը:

Նախագծով նախատեսվում է վերանայել Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի հաստիքացուցակը, մասնավորապես, դրանում նախատեսված հաստիքային միավորների դրույքաչափերը:

Նախագծով առաջարկվում է բարձրացնել շուրջ 2000 աշխատակիցների աշխատավարձեր։ Հարկ եմ համարում նշել, որ այս նախագծով ավագանու անդամների ստացած ամսական նվազագույն աշխատավարձի չափով (68.000 դրամ) փոխհատուցման գումարը չի ավելանում։ Երևանի քաղաքապետարանի աշխատավարձերի և հավելավճարների ընդհանուր տարեկան ֆոնդը կազմում է մոտ 7 մլրդ դրամ: Կարևոր է նաև նշել, որ այս նախագծով Երևան քաղաքի բյուջեի վրա հավելյալ ծանրաբեռնվածություն չի ավելանում, քանի որ այն գումարները, որոնք վերջին տարիներին քաղաքապետարանի կողմից տրվել են պարգևավճարի տեսքով՝ փաստացի որպես հավելյալ աշխատավարձ, այսուհետև տրամադրվելու են որպես հիմնական աշխատավարձ։ Գործող աշխատավարձերը չեն համապատասխանում ընթացիկ աշխատանքային շուկայի պայմաններին, և հաճախ թույլ չեն տալիս ներգրավել բարձրակարգ մասնագետներ, քանի որ սահմանվել են դեռևս 2011 թվականին»,- նշեց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ այս նախագծով համայնքային աշխատակիցները կստանան ֆիքսված ավելի բարձր աշխատավարձ, իսկ պարգևավճարների վճարման պրակտիկան, որը հանրության շրջանում այնքան էլ միանշանակ չէր ընդունվում, կվերացվի: Հավելավճարներ կստանան միայն այն աշխատակիցները, որոնք կկատարեն հավելյալ աշխատանք:

«Հարկ եմ համարում ընդգծել, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը այս որոշման ընդունումից հետո բազմապատկելու է իր վերահսկողական լծակները քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատանքների նկատմամբ և հետևողական է լինելու, որպեսզի բացառվեն չհիմնավորած պարգևավճարների տրամադրումը»,- ասաց ավագանու անդամը։

«Իմ քայլը» խմբակցությունից ավագանու անդամ Տիգրան Գալստյանն ընդգծեց, որ սոցիալական արդարություն պետք է լինի, և աշխատավարձերի բարձրացման տոկոսային հարաբերակցության տարբերությունը շատ չլինի:

Լևոն Հովհաննիսյանը նշեց, որ նախագծով պարգևավճարների ֆոնդը կնվազի շուրջ 20 անգամ՝ մոտ 1.8 մլրդ դրամը կփոխանցվի հիմնական աշխատավարձերի ֆոնդ:

«Քաղաքապետարանի գլխամասի համայնքային ծառայողների աշխատավարձերն առաջարկվում է բարձրացնել մոտ 38.01 տոկոսով, վարչական շրջանների աշխատակիցների աշխատավարձերն էլ՝ մոտ 32.46 տոկոսով»,- նշեց Հովհաննիսյանը:  

«Լույս» խմբակցությունից ավագանու անդամ Անի Խաչատրյանը դեմ արտահայտվեց նախագծին և ասաց, որ այն հրատապություն չպահանջող էր, հատկապես երկրի պատերազմական վիճակում գտնվելու պարագայում:

«Մեղմ ասած, բարոյական չէ, այս իրավիճակում նման քայլ անել: 400 հազար աշխատավարձ ստացող թաղապետի աշխատավարձը դառնում է 800 հազար, վարչական շրջանների ղեկավարների աշխատավարձերը բարձրանում են ավելի քան 100 տոկոսով, սակայն սովորական աշխատողներինը շուրջ 30 տոկոսով: Արդյոք, վարչական շրջանի ղեկավարն ավելի շա՞տ աշխատանք է կատարում, քան քաղաքապետարանի վարչությունների պետերը»,- ասաց Անի Խաչատրյանը:

Նա նաև հարց հնչեցրեց, թե ինչո՞ւ այս հարցը բարձրացվեց այսքան հրատապ, արտահերթ նիստով, և արդյոք սա քաղաքական որոշում չէր, ինչպես նաև ի՞նչ կտա սա Երևանի քաղաքացուն:

«Այս նախագիծը քննարկում ենք արտահերթ նիստում, քանի որ հերթական նիստերի ժամանակ առնվազն 10 հարց ենք ունենում: Նման հարցը պետք է քննարկել առանձին նիստում, որպեսզի բավականաչափ ժամանակ ունենանք բոլոր հարցերին պատասխանելու համար: Նշեմ նաև, որ քաղաքական թիմի աշխատավարձերը չեն բարձրանում և մնում են նույնը»,- նշեց Լևոն Հովհաննիսյանը:

Որոշումն ընդունվեց  34 «կողմ», 2 «դեմ» և 2 «ձեռնպահ» ձայներով:

Նմանատիպ նյութեր