211652_close_icon
views-count133747 դիտում article-date 11:00 25-07-2021

Ոստիկանության Նոր Նորքի բաժնում հետախուզում է հայտարարվել «գոլդ» համարանիշներով Lexus-ի վարորդի նկատմամբ, ով կասկածվում է Opel-ի վրա կրակելու մեջ. տարածքի բաժնի պետի հրամանով օպերացիան կրում է «Ձկնիկ լող տուր, լող արա» անվանումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզում է հայտարարվել Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի  բնակիչ, 50-ամյա Ա. Կ.-ի նկատմամբ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է  հուլիսի 19-ին Երևանի Դավիթ Բեկի պողոտայում ճանապարհը չզիջելու և Opel մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ կրակելու մեջ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրան հայտնաբերելու համար  ոստիկանության Նոր  Նորքի բաժնի պետ Արտակ Ասատրյանի որոշմամբ ստեղծվել է օպերատիվ խումբ, որում ներգրավված են քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները և Ա. Ասատրյանի որոշմամբ օպերացիան կրում է  «Ձկնիկ լող տուր, լող արա, դրսի որսը թող արա, իջիր ջրի հատակը,  մինչև անցնի վտանգը» անվանումը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ոստիկանության Նոր Նորքի բաժնում ՀՀ քր օր-ի 258 հոդվածի  4-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:

Նշված քրգործը հարուցվել էր հուլիսի 19-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա:

Ոստիկանություն տեղեկություններ էին ստացվել, որ այդ օրը՝ ժամը 11:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 39-ամյա Վաչագան Ավագյանը Դավիթ Բեկի փողոցում իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով երթևեկելիս է եղել, երբ անհայտ անձը Lexus մակնիշի ավտոմեքենայով, ըստ նախնական տեղեկությունների՝ ճանապարհ չզիջելու պատճառով Lexus-ի միջից ատրճանակով  կրակոց  է արձակել Opel-ի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է շարժիչի ծածկը:  

Դեպքի վայր էին ժամանել Երևանի ոստիկանապետ Սևան Քոչարյանը,  ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ Ասատրյանը: Տեղում աշխատել էր նաև փորձաքրեագետը:

Opel-ը տեղափոխվել էր ոստիկանության Նոր Նորքի բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդը ոստիկաններին հայտնել է, որ չի ճանաչել Lexus-ի  վարորդին և չի հիշում համարանիշները:

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ, պարզել էին  Lexus-ի համարանիշները և այն հուլիսի 21-ին հայտնաբերել են Ավան վարչական շրջանում և տեղափոխել ոստիկանության Նոր Նորքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Lexus-ի համարանիշներն են՝ 777 YZ 77, իսկ կասկածյալը Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 50-ամյա Ա. Կ.-ն է: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութերը՝  Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր