211652_close_icon
views-count1962 դիտում article-date 16:51 23-07-2021

Արմեն Սարգսյանն այցելել է ճապոնացի հայտնի գործարար և բարերար Շիբուսավա Էիչի հուշահամալիր-հիմնադրամ

Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Տոկիոյում այցելել է հայտնի ճապոնացի գործարար և բարերար, հայ ժողովրդի բարեկամ Շիբուսավա Էիչի հուշահամալիր-հիմնադրամ: Հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը: 

Էիչի Շիբուսավայի կողմից 1922 թվականին Տոկիոյում ստեղծվել է բարեգործական  «Հայ օգնության հիմնադրամը» («The Armenian relief fund»), որը զգալի օգնություն է ցուցաբերել ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերին՝ հատկապես Ճապոնիայի միջոցով դեպի ԱՄՆ և այլ երկրներ տեղափոխվելու և ապաստան գտնելու հարցում: Հիմնադրամի ստեղծման գործում դերակատարություն է ունեցել նաև Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն:

Ժամանակի ամենաազդեցիկ գործիչ, «Ճապոնական կապիտալիզմի հայրը» համարվող Շիբուսավան առաջնորդող դեր է ունեցել Ճապոնիայի ժամանակակից հասարակության զարգացման գործում, եղել է նաև Ճապոնիայում առաջին ժամանակակից բանկի, ինչպես նաև Ճապոնիայի Առևտրի և արդյունաբերության պալատի հիմնադիրը: Նա ներգրավված է եղել մոտ 500 ձեռնարկությունների ու տնտեսական կազմակերպությունների ստեղծման, ինչպես նաև սոցիալական ապահովության, կրթական կազմակերպությունների հիմնադրման գործում: Շիբուսավա Էիչիի դիմանկարը 2024 թվականից լինելու է ¥ 10000 թղթադրամի վրա:

Նախագահ Սարգսյանը Շիբուսավա Էիչի հուշահամալիր-հիմնադրամում հանդիպում է ունեցել տնօրեն Ջունեցու Կոմացուի և Էիչի Շիբուսավայի ծոռան՝ Մասահիդե Շիբուսավայի հետ: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախագահ Սարգսյանը այցը կարևոր է համարել մեր երկրի համար: Ողջ հայ ժողովրդի և իր անունից երախտագիտության հայտնելով ժամանակին Էիչի Շիբուսավայի և նրա հիմնադրամի կողմից հայ ժողովրդին ցուցաբերած անգնահատելի աջակցության համար՝ նախագահը նշել է, որ Ճապոնիան օրինակ է մեզ համար. «Դուք ևս, որպես ազգ, դժվարին ժամանակներ եք ապրել, ունեցել եք կորուստներ, երբեմն մտածել եք, որ ամեն ինչ կորցրել եք, իսկ հետո վերականգնվել եք և կառուցել եք ձեր հայրենիքը: Հուսով եմ՝ նոր էջ կսկսենք հայ-ճապոնական հարաբերություններում, որը կենտրոնացած կլինի ապագայի, նոր տեխնոլոգիաների, նոր ուղիների վրա: Հենց այս առաքելությամբ եմ ես այստեղ»:

Անդրադառնալով Էիչի Շիբուսավայի գործունեությանը՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ Ճապոնացի մեծ գործարարի և բարեգործի կյանքն ու գործունեությունը ոգեշնչող են և ինչ-որ առումով յուրօրինակ ուղերձ՝ հայ-ճապոնական հարաբերությունների խորացման համար:

Այնուհետև նախագահ Սարգսյանը Մասահիդե Շիբուսավային է հանձնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «Հենրի Մորգենթաու» հուշամեդալը: «Ձեր մեծ պապը՝ Էիչի Շիբուսավան մեծ գործարար էր, Ճապոնիայի տնտեսության հիմնադիրներից մեկը: Նա մեկն է, ում շնորհիվ փրկվեցին մեծ թվով հայեր: Եվ այստեղ խոսքը միայն կյանքեր փրկելու մասին չէ: Ամենակարևորն այն է, որ ժողովուրդը վերապրում ու վերածնվում է, եթե ունի հույս: Կարևոր չէ, թե այսօր որքան ծանր վիճակում ես, եթե կա հույս, կարող ես վերապրել, եթե կա հույս, կարող ես վերակառուցել, եթե կա հույս, կարող ես շարունակել քո կյանքը: Հույս կունենաս, եթե ուժեղ ես, հույս կունենաս, եթե ունես ընկերներ՝ ինչպես 1915 թվականին՝ Ցեղասպանությունից հետո: Մենք ունեինք ընկերներ, և նրանցից մեկը դեսպան Մորգենթաուն էր, իսկ մյուսը՝ Ձեր մեծ պապը,-ասել է նախագահը:- Այսօր այս գնահատականը ինչ-որ առումով ուղղված է նաև ապագա հայ-ճապոնական տնտեսական հարաբերությունների սերտացմանն ու զարգացմանը, Հայաստանի տնտեսական վերածննդին Ճապոնիայի ակտիվ օժանդակությանը, այնպես, ինչպես Ցեղասպանության ժամանակ ճապոնացի մեծ գործարարի ու բարեգործի կողմից հայ ժողովրդին մեկնած ձեռքը նրանց վստահություն ներշնչեց և ապագայի, երազանքների իրականացման ու ապագա հաղթանակներ կերտելու հույս տվեց»:

Նախագահը ծանոթացել է նաև հիմնադրամի գործունեությանն ու ծրագրերին, շրջայց է կատարել հիմնադրամում գործող թանգարանում: Նախագահ Սարգսյանն ու հիմնադրամի տնօրենը քննարկել են ինչպես գործարար, այնպես էլ հումանիտար ոլորտներում փոխգործակցության ակտիվացման հեռանկարները, խոսել համատեղ ծրագրեր իրականացնելու ուղղությունների մասին: Նախագահ Սարգսյանը հիմնադրամի տնօրեն Ջունեցու Կոմացուին և Մասահիդե Շիբուսավային հրավիրել է այցելել Հայաստան:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր