211652_close_icon
views-count68301 դիտում article-date 09:36 09-07-2021

Խոշոր ավտովթար՝ Երևանում. Բաղրամյան պողոտայում բախվել են BMW-ները, վիրավորներից մեկը հայտնի դատավորի որդին է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում Բաղրամյան պողոտայի և Ալիխանյան փողոցի խաչմերուկում՝ ՀՀ սահմանադրական դատարանի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչներ՝ 21-ամյա Ռոբերտ Ազարյանի վարած BMW մակնիշի У 829 XH 799 ռուսական համարանիշի և 27-ամյա Դավիթ Ղարիբյանի վարած BMW մակնիշի 55 DG 155 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներ Ռ. Ազարյանն ու Դ. Ղարիբյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Այնուհետև ժամանել են թիվ 15 փրկարարական ջոկատը։

Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները։ 

Նշված գնդից տեղեկությունը փոխանցվել է Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննական խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչներ Գևորգ Մինասյանի և Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է Հ. Սարգսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականներն ու սահմանազատել տարածքը։

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ռուսական համարանիշներով BMW-ի վարորդը հայտնի դատավոր Ալեքսանդր Ազարյանի որդին է, և ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է վարորդներից Դ. Ղարիբյանը, ով չթույլատրելի հատվածում շրջադարձ է կատարել, վթարային իրավիճակ ստեղծել մյուս վարորդների համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 136+
136+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր