211652_close_icon
views-count2963 դիտում article-date 18:55 08-07-2021

Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը կալանավորվել է

Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը կալանավորվել է։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, բավարարել է Ավետյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ՀՔԾ քննիչի միջնորդությունը։ Այս մասին Tert.am-ը տեղեկացավ ՀՔԾ-ից։

Հիշեցնենք, որ Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը ձերբակալվել է հուլիսի 5-ին՝ ժամը 16։24-ի սահմաններում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք կատարելու հատկանիշներով։ Ձերբակալման որոշման դեմ բողոք է ներկայացվել, սակայն մինչ դատարանը կքններ Ավետյանի ձերբակալման իրավաչափության հարցը, վարույթն իրականացնող մարմինը շտապեց մեղադրանք առաջադրել Ավետյանին և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացնել դատարան։

Ըստ ՀՔԾ-ի՝ Լուսինե Ավետյանը, օգտագործելով Քարահունջ բնակավայրի չորս բնակիչներին 2021 թվականի մայիս ամսվա ընթացքում բանկային փոխանցման միջոցով «Դրամական աջակցություն» անվան տակ 100.000-220.000 ՀՀ դրամ տրամադրելու հանգամանքը, նրանց հարկադրել է մասնակցել ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների կապակցությամբ 2021 թվականի հունիսի 8-ին Գորիս քաղաքում «Հայաստան» դաշինքի կողմից կազմակերպվելիք քարոզարշավին, ինչպես նաև խոչընդոտել է վերջիններիս ընտրական իրավունքի ազատ իրականացմանը հարկադրելով մասնակցել ընտրություններին և կողմ քվեարկել հիշյալ դաշինքի օգտին: Բացի դա՝ ըստ ՀՔԾ-ի՝ Ավետյանը, սոցիալական և առողջական խնդիրների կապակցությամբ ֆինանսական աջակցություն տրամադրելու եղանակով մայիսի 6-ին Քարահունջ բնակավայրի մեկ այլ բնակչի բանկային եղանակով փոխանցել է 100.000 ՀՀ դրամ, ապա ԱԺ արտահերթ ընտրությունների նշանակման օրվանից հետո, տրամադրված գումարը հիշյալ ընտրողին և նրա ամուսնուն ներկայացրել է որպես ընտրակաշառք՝ հարկադրելով մասնակցել ԱԺ արտահերթ ընտրությունների կապակցությամբ «Հայաստան» դաշինքի կողմից 2021թ. հունիսի 7-ին Գորիս քաղաքում կազմակերպվելիք քարոզարշավին, ինչպես նաև հարկադրելով մասնակցել նշված ընտրություններին և կողմ քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին։

Նմանատիպ նյութեր