211652_close_icon
views-count2348 դիտում article-date 23:16 01-07-2021

Ղազախստան-Հայաստան-Ղազախստան ուղիղ կանոնավոր ավիափոխադրումը վերականգնվել է. Ղազախստանում ՀՀ դեսպանություն

Պաշտոնապես վերականգնվել է Ղազախստան-Հայաստան-Ղազախստան ուղիղ կանոնավոր ավիափոխադրումը. այսուհետ ՀՀ քաղաքացիները կարող են մուտք գործել Ղազախստանի տարածք առանց հիմք ներկայացնելու, այս մասին տեղեկանում ենք Ղազախստանում ՀՀ դեսպանության հաղորդագրությունից:

«Տեղեկացնում ենք, որ պաշտոնապես վերականգնվել է Ղազախստան-Հայաստան-Ղազախստան ուղիղ կանոնավոր ավիափոխադրումը, ինչը ժամանակավորապես դադարեցվել էր 2020 թ․ հունվարի 21-ից նախ տեխնիկական, ապա՝ COVID-19 համավարակի պատճառով։

Հայկական կողմը բազմիցս պաշտոնապես դիմում էր այն վերականգնելու հարցով։

Ընթացիկ տարվա հունիսի 16-ին Ղազախստանի Հանրապետության պետական իրավասու մարմինը (Межведомственная комиссия по недопущению возникновения и распространения коронавирусной инфекции на территории РК) ընդունել է որոշում, որի 3-րդ կետի համաձայն Ղազախստանն իր մասով թույլտվություն է տվել ուղիղ կանոնավոր չվերթների վերականգնման հարցում՝ Նուր-Սուլթան-Երևան-Նուր-Սուլթան և Ակտաու-Երևան-Ակտաու երթուղիներով, որոնցից յուրաքանչյուրը՝ շաբաթը 2 անգամ հաճախականությամբ։ ՂՀ արդյունաբերության և ենթակառուցվածքային զարգացման նախարարությունն օրերս տարածել է այդ փաստը հաստատող պաշտոնական հայտարարություն:

Հետևաբար, ՂՀ տարածք մուտք գործելու և լքելու դեպքերում կիրառվում է ՂՀ պետական սահմանը հատելու կարգի (փետրվարի 9-ի խմբագրություն) 2-րդ կետը (Порядок пересечения Государственной границы Республики Казахстан с 11 мая 2020 года на период карантинных ограничений)։

Հիշեցնենք, որ ՀՀ-ն վերացրել էր օդային ճանապարհով օտարերկրյա, այդ թվում՝ ՂՀ քաղաքացիների մուտքի արգելքը դեռևս 2020 թ․ օգոստոսին: Ուղիղ ավիափոխադրումները շարունակում է իրականացնել «SCAT Airlines» ավիաընկերությունը:

Այս պահի դրությամբ, փաստացի, դեռ գործում է միայն Ակտաու-Երևան-Ակտաու երթուղին՝ շաբաթը 1 անգամ (ամեն ուրբաթ) հաճախականությամբ։

Առաջին կանոնավոր թռիչքը տեղի ունեցավ հունիսի 25-26-ը, հաջորդը տեղի է ունենալու հուլիսի 2-3-ը։ Այդ մասին օրերս հայտարարությամբ է հանդես եկել նաև տվյալ ավիաընկերությունը:

Նախնական տվյալներով՝ Նուր-Սուլթան-Երևան-Նուր-Սուլթան երթուղին գործարկվելու է մոտ ժամանակներս, եթե լինեն անհրաժեշտ քանակությամբ ուղևորներ։

Տոմսերը կարող եք գնել ավիաընկերության պաշտոնական կայքում և դրամարկղերում:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Նմանատիպ նյութեր