Հայաստանում «Սպուտնիկ-V»-ով պատվաստման տարիքային շեմը հանվել է
Հայաստանի Հանրապետությունում «Սպուտնիկ-V» պատվաստանյութով պատվաստումները հուլիսի 1-ից կարող են իրականացվել ինչպես ռիսկի խմբերում, այնպես էլ 18 տարեկան և բարձր տարիքի անձանց շրջանում` ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:
Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
«Նախկինում «Սպուտնիկ-V» պատվաստանյութով պատվաստումները նախատեսված էին միայն 18 տարեկան և բարձր տարիքի քրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան բուժաշխատողների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար»,- նշում են ԱՆ-ից:
Այսպիսով` Հայաստանում առկա COVID-19-ի դեմ բոլոր 3 պատվաստանյութով` «AstraZeneca», «Գամ-Կովիդ-Վակ» (Սպուտնիկ-V), «Կորոնավակ», կարող են պատվաստվել 18 և բարձր տարիքի անձինք` ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: