211652_close_icon
views-count2948 դիտում article-date 23:52 29-06-2021

Շուշիում ստորագրված դեկլարացիայով Թուրքիան և Ադրբեջանը ամրագրել են, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի ստեղծումը, որը առաջիկա ծանր զարգացումների ամենամեծ պրովոկացիան է լինելու․ Արտակ Զաքարյան

Tert.am-ը պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի հետ զրուցել է այս օրերին անցկացվող թուրք-ադրբեջանական զորավարժությունների և այսօր ՀՀ-ի  ռազմաքաղաքական ոլորտում առկա խնդիրների, դրանց լուծման ճանապարհների մասին։ Ըստ նրա՝ պատերազմում ունեցած նրանց համատեղ հաջողություններից հետո Թուրքիան ցանկանում է ամրապնդել իր ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում:

«Զորավարժությունները նրանց հնարավորություն են տալիս ուժի ցուցադրություն իրականացնել: Իսկ վերջերս, հունիսի 15-ին, Թուրքիայի և Ադրբեջանի միջև՝ հայկական Շուշի քաղաքում ստորագրված ռազմա-քաղաքական նոր դեկլարացիան ավելի է ընդլայնում նրանց միջև ռազմական փոխօգնության պարտավորությունները: Դրանով ամրագրել են նաև, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի ստեղծումը, որը առաջիկա ծանր զարգացումների ամենամեծ պրովոկացիան է լինելու»,- ասում է նա։

-Պարո՛ն Զաքարյան, hունիսի 28-30-ը Բաքվում թուրք և ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ կանցկացվի «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2021» անունը կրող մարտավարական զորավարժությունը, որին ներգրավված է մոտ 600-հոգանոց անձնակազմ։ Չնայած դրանք պլանավորված և երկու տարին մեկ անցկացվող զորավարժություններ են՝ ի՞նչ կարող ենք եզրակացնել դրանց բնույթից. ի՞նչ է ցանկանում զորավարժություններով ցուցադրել թուրք-ադրբեջանական տանդեմն այսօր։

-Արցախյան վերջին պատերազմից հետո, ութ ամիսների ընթացքում, սա արդեն թվով յոթերորդ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններն են: Պատերազմում ունեցած նրանց համատեղ հաջողություններից հետո Թուրքիան ցանկանում է ամրապնդել իր ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում: Զորավարժությունները նրանց հնարավորություն են տալիս ուժի ցուցադրություն իրականացնել: Իսկ վերջերս, հունիսի 15-ին, Թուրքիայի և Ադրբեջանի միջև՝ հայկական Շուշի քաղաքում ստորագրված ռազմա-քաղաքական նոր դեկլարացիան ավելի է ընդլայնում նրանց միջև ռազմական փոխօգնության պարտավորությունները: Դրանով ամրագրել են նաև, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի ստեղծումը, որը առաջիկա ծանր զարգացումների ամենամեծ պրովոկացիան է լինելու:

Չի բացառվում, որ վերջիններս, օգտվելով Հայաստանի կապիտուլյանտ իշխանությունների թուլությունից և ՀՀ ԶՈՒ սիստեմատիկ քայքայումից, ընդհուպ մինչև ռազմական ներխուժմամբ փորձեն ապահովեն Ադրբեջանի հարավը Նախիջևանի հետ կապող միջացքը՝ ՀՀ տարածքով:

-Հայտնի է նաև, որ Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի զինված ուժերի հատուկ ստորաբաժանումները գալիք սեպտեմբերին համատեղ զորավարժություն են անցկացնելու։ Հաշվի առնելով՝ Պակիստանի վերաբերմունքը մեր նկատմամբ՝ որքանո՞վ են վտանգավոր մեզ համար նման համատեղ նախաձեռնությունները, ի՞նչ հետևություններ պետք է անի դրանցից հայաստանյան ռազմական վերնախավը։

-Պակիստանը և Թուրքիան բավական երկար ժամանակ են համագործակցում, և այդ հարաբերությունները հասցրել են ռազմավարական մակարդակի: 2016թ-ից այդ երկրները ակտիվացրել են նաև ռազմա-տեխնիկական համագործակցությունը՝ ընդհուպ հայտարարվել է նաև համատեղ միջուկային ծրագրերի իրականացման մասին: Բացի այդ՝ Պակիստանը Թուրքիայի համար կարևոր գործընկեր կարող է լինել պանթուրքիզմի գաղափարի իրականացման համար, ինչպես նաև Թուրքիայի ազդեցությունը Միջին Ասիայում և Աֆղանստանում մեծացնելու գործում: Պակիստանը ակտիվ մասնակցություն է ունեցել նաև Արցախի դեմ պատերազմում, և կան տեղեկություններ հարավային ճակատում նրա հատուկ ստորաբաժանումներից մեկի գործողությունների վերաբերյալ:

Հայաստանի քաղաքական ղեկավարության տգիտության և դավաճանական հակումների շնորհիվ առ այսօր միջազգային մակարդակում չեն բարձրացվել Հայաստանի և Արցախի դեմ գործած ռազմական հանցագործությունների և տարածաշրջանում ռազմաքաղաքական բալանսի կտրուկ փոփոխության հարցերը: Ամեն բան արվել է ի վնաս Հայաստանի և Արցախի: Մենք սրա մասին շատ ենք խոսել: Հետևելով Թուրքիայի և Ադրբեջանի ակտիվ ռազմա-քաղաքական գործողություններին և հեռահար նպատակներին՝ Հայաստանը պարտավոր է մշակել, թարմացնել և խորացնել ռազմաքաղաքական հարաբերությունները առաջին հերթին Ռուսաստանի Դաշնության հետ: Անհրաժեշտ է նոր ռազմավարական մակարդակի համաձայնագիր, որը կլուծի Հայաստանի և Հարավային Կովկասում ռազմական բալանսի հարցը՝ երկարաժամկետի համար: Բացի այդ, անհրաժեշտ է այդ ոլորտներում ակտիվացնել հարաբերությունները Չինաստանի և Հնդկաստանի հետ: Սակայն դա անելու համար պետք է ազատվել կապիտուլյանտներից, որովհետև նրանք աշխարհի համար ընկալվում են որպես գործիք, այլ ոչ թե գործոն: Կարծում եմ՝ աշխարհում բոլորն են հասկացել, որ նրանք ի զորու չեն պաշտպանել Հայաստանի և Արցախի շահերը:

-Պարո՛ն Զաքարյան, այս օրերին, Ալիևն ավելի հաճախ է սկսել խոսել «խաղաղության մեծ» պայմանագրից և նրանից, որ Հայաստանի միակ ճանապարհը իր պահանջներից հրաժարվելն ու նորմալ հարաբերություններ իր հարևանների հետ հաստատելն է։ Ձեր տպավորությամբ՝ ո՞րն է Ալիևի նպատակը, ինչպե՞ս կգնահատեք հայկական կողմի արձագանքը նրա հայտարարություններին ի պատասխան։

-Հայկական կողմի արձագանք գոյություն չունի, որպես այդպիսին: Հայաստանը, որպես գործոն նոյեմբերի 9-ից հետո այլևս հաշվի չի առնվում, և պետք է փոխել երկրի քաղաքական ղեկավարությանը: Որևէ հաջողություն ունենալու համար սա գլխավոր և անհրաժեշտ պայման է: Ինչ վերաբերում է Ալիևին, ապա վերջինիս լկտիությունը պայմանավորված է բացառապես Հայաստանի ղեկավարության նկատմամբ նրա ունեցած ցինիկ վերաբերմունքով: Խաղաղության ցանկացած պայմանագիր չի կարող և չպետք է անտեսի Արցախի լիարժեք տարածքների վրա կարգավիճակի հարցը, որը բացառապես պետք է դիտարկվի Ադրբեջանի կազմից դուրս: Պետք է հաշվի առնի Հայաստանի սահմանների անքակտելիությունը, սահմանամերձ բնակչության լիարժեք անվտանգությունը, ինչպես նաև՝ նրանց զինված ուժերի դուրսբերումը և հեռացումը ՀՀ սահմաններից:

-Արցախյան պատերազմում մեր պարտությունից հետո սկսված խնդրահարույց գործընթացներից մեկը վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանի որոշմանը։ Արդեն մեկ ամսից ավելի է՝ ադրբեջանական զինված ուժերը ներթափանցել են Հայաստանի սուվերեն տարածք, չեն հեռանում, ավելին՝ անընդհատ սադրանքների են դիմում՝ անհանգիստ մթնոլորտում պահելով հայ բնակչությանը։ Ձեր կարծիքով՝ ինչու՞  հասանք այս իրավիճակին, ինչու՞ մինչ այժմ չի լուծվում այս խնդիրը։ Ինչպե՞ս կգնահատեք հայաստանյան իշխանությունների քայլերը խնդիրը լուծելու ուղղությամբ։

-Ձեր հարցը նշանակում է, որ Հայաստանը չունի ղեկավարություն: Նույնիսկ ամենավատ ղեկավարությունը թույլ չէր տա նման ստորացուցիչ կերպով վարվեին իր երկրի հետ: Ադրբեջանական զորքը, առանց պատերազմ հայտարարելու, ըստ էության օկուպացրել է մեր սուվերեն տարածքները, և դա արել է մեկ նպատակով. որպեսզի ստիպի Հայաստանի կապիտուլյանտ իշխանությանը՝ զիջել Սյունիքի միջանցքը և որոշ տարածքներ Տավուշի և Արարատի մարզերում: Սա չլսված բան է: Այս իրավիճակի պատճառն այն էր, որ նոյեմբերի 9-ից հետո հավաքական ընդդիմությունը, հայ ժողովուրդը, ռազմաքաղաքական ղեկավարությունը բավարար չափով չստիպեցին կապիտուլյանտին՝ հրաժարական տալ և ազատել ՀՀ շահերը «ներկայացնողի» կարգավիճակը: Հակառակը՝ արտահերթ ընտրություններում նոր մանդատ տվեց կապիտուլյանտին, չհասկանալով, որ դրանով կամ Հայաստանը կորցնելու է նոր տարածքներ, կամ էլ ստիպված ներքաշվելու է նոր ռազմական բախումների մեջ: Այսօր Հայաստանն իր ինքնիշխանությունը զիջել է դրսի ուժերին և ներսում իրականացնում է կառավարման իմիտացիա՝ շարունակելով ներսից քայքայել պետությունը:

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր