211652_close_icon
views-count1989 դիտում article-date 16:30 17-06-2021

Կոչ ենք անում ձայն չտալ մեր պետականությունը, ինքնիշխանությունը հիմնավորապես խարխլած Հայաստանի գործող վարչախմբին ու նրանց հայրենատվության մախաթը թելող քաղաքական միավորներին. «Ժառանգություն»

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է ստորագրել, որը ներկայացնում ենք ստորև.

««Ժառանգություն» կուսակցությունը մեծ անհանգստությամբ արձանագրում է՝ 2021թ հունիսի 20-ին մեր երկրում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին նախորդած վերջին երկու շաբաթներն աչք զարնեցին քաղաքակիրթ նախընտրական քարոզչական գործընթացի հետ աղերս չունեցող բառամթերքով և գործիքակազմով: Վերոգրյալի հիմնական մեղավորն ու պատասխանատուն Հայաստանի դե ֆակտո իշխանություններն էին՝ կիրառած վաղ միջնդարի բարբարոսներին բնորոշ մրճահարումներով:

2020թ նոյեմբերի 9-ին կնքված հայրենատվության պայմանագրին հաջորդած ժամանակահատվածը ցույց տվեց, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի գործողությունները միայն ու միայն միտված էին հայրենատվության տխեղծ եղելության լեգիտիմացման միջոցով սեփական իշխանության երկարաձգմանը, ապա նաև՝ վերարտադրությանը: Անցնող ամիսներին մենք չենք տեսել երկրի առջև ծառացած խնդիրների լուծման համակարգային որևէ նախագիծ: Ցավոք պատերազմի վերքերը թաց են. թշնամին գտնվում է մեր ինքնիշխան տարածքում, իսկ հայրենիքի պաշտպանների մի մասը՝ Բաքվի բանտերում:

«Ժառանգություն» կուսակցությունը գտնում է՝ հետպատերազմական Հայաստանում հանրային միասնության և համախմբան այլընտրանքը պետականակործանման դժգույն  վերջաբանն է լինելու, ինչին անշեղորեն գնում ենք վերջին յոթ-ութ ամիսներին: Պետք է փաստել, որ նախընտրական ժամանակահատվածում սեփական բնակչությանը վենդետաներով սպառնացող Հայաստանի գործող վարչախումբը հիմնավորապես մերկացրեց իր կացնամրճային տրամաբանությունը: Մենք կարծում ենք, որ ընտրված վաղ միջնադարի բարբարոսներին հատուկ գործիքները՝ որպես համախումբ խորհրդանիշ, ամենացածրակարգ և անարդյունավետ միջոցներն են հանրային անհրաժեշտ միասնության և համախմբման համար:

Ուստի հաշվի առնելով առկա վտանգավոր իրողությունները՝ կոչ ենք անում կուսակցության անդամներին, համակիրներին և համախումբ մեր եղբայրներին ու քույրերին 2021թ հունիսի 20-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտորւթյուններում մասնակիցը չդառնալ հայրենատվության լեգիտիմացմանը՝ ձայն չտալով մեր պետականությունը և ինքնիշխանությունը հիմնավորապես խարխլած Հայաստանի գործող վարչախմբին ու նրանց հայրենատվության մախաթը թելող քաղաքական միավորներին»:

Նմանատիպ նյութեր