211652_close_icon
views-count1461 դիտում article-date 16:24 27-05-2021

Ժամանակավոր ազգային համաձայնության կառավարության միջոցով, արգելափակել հայրենատվության ճանապարհը. «Ժառանգություն»

Համակարգային անգործունեություն ցուցաբերած հայրենի դե ֆակտո իշխանությունների վերարտադրության մղումներն առոչինչ են Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պաշտպանման հրամայականի համեմատ: Այս մասիօն հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցությունը:

Հայտարարությունում ասվում է.

«Ժառանգություն» կուսակցությունը խորն անհանգստությամբ արձանագրում է, որ 2021թ. մայիսի 27-ի լույս գիշերը Հայաստանի ինքնիշխան տարածքի մաս կազմող Գեղարքունիքի մարզից ՀՀ ԶՈՒ վեց զինծառայողների՝ ադրբեջանական հրոսակախմբերի կողմից գերեվարումը հետեւանք է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վերջին ամիսներին ցուցաբերած ակնբախ անգործունեության:

Հայաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից դեռեւս նախորդ տարվա նոյեմբերի 10-ին ստորագրված խայտառակ պայմանագրից հետո գործող իշխանությունները եւ նրանց հայրենատվության վտանգավոր օրակարգը սպասարկող ներքաղաքական դաշտի ական ուժերն ու անհատները պարտված երկրում առաջնային անվտանգային պաշտպանիչ միջոցառումներ անցկացնելու փոխարեն լծվել էին վարչախմբի վերարտադրության օրակարգի սպասարկմանը:

Այդ գործընթացներում նախկինների մեղավորության խաղաքարտը մինչեւ վերջ խաղարկելուց ու ամբողջովին արժեզրկելուց հետո, վերջիններս մտել են Հայաստանի դաշնակից, գործընկեր միջազգային կառույցների եւ երկրների անվանարկման անհեռանկար ու պետականակործան տեղապտույտի մեջ:

Հայաստանի ինքնիշխանության դեմ Ադրբեջան պետության սանձազերծած ահաբեկչական գործողություններին մեր պետության ոչ համարժեք արձագանքը գալիս է փաստելու դեռեւս 2021թ. մայիսի 20-ին «Ժառանգություն» կուսակցության բարձրաձայնած առաջնահերթությունների հրատապությունն ու 2021թ. հունիսի 20-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրությունների վտանգավորությունը:

Եվս մեկ անգամ կոչ ենք անում ՀՀ նախագահին, ռազմական եւ անվտանգային պատկան մարմիններին՝ շարժվել օրվա հրամայականով, սահմանադրական ճանապարհով՝ ժամանակավոր ազգային համաձայնության կառավարության միջոցով, արգելափակել հայրենատվության  ճանապարհը:

Համակարգային անգործունեություն ցուցաբերած հայրենի դե ֆակտո իշխանությունների վերարտադրության մղումներն առոչինչ են Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պաշտպանման հրամայականի համեմատ:

Հայրենատվության երկրորդ արարը պետք է կասեցնել բոլոր միջոցներով:

Նմանատիպ նյութեր