211652_close_icon
views-count2934 դիտում article-date 21:12 02-06-2021

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը «Արամ Խաչատրյան» համերգասրահի հարակից տարածքն ու Ազատության հրապարակը վերածվել էին հեքիաթային վայրի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունիսի 1-ին, Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, «Արամ Խաչատրյան» համերգասրահի հարակից տարածքն ու Ազատության հրապարակը վերածվել էր հեքիաթային վայրի՝ Հայաստանի ազգային Ֆիլհարմոնիկ նվագախմբի, Երևանի քաղաքապետարանի և Հանրային հեռուստատընկերության ջանքերով:
 
Ա. Խաչատրյանի արձանի շրջակա տարածքը ժամը 16:00-ից լի էր մանկական բազմապիսի գրականությամբ: Հատուկ տաղավարներում «Անտարես», «Զանգակ» և «Արևիկ» հրատարակչությունները գրքերի հերոսների կերպարներով դեպի իրենց էին գրավում հետաքրքրասեր մանուկներին, ովքեր գունեղ պատմություններով երեխաներին տանում էին հեքաթների աշխարհ:

Աշխույժ իրարանցում էր դերասան-խաղավարների մոտ, վերջիններս ազգային խաղերի միջոցով զբաղացնում էին չարաճճի մանուկներին:

Տարածքում շրջելիս հանդիպեցինք հայտնի «Գտնված երազ» մուլտֆիլմի նկարիչներ Դիլաքյան եղբայրներին, որոնք երեխաների հետ միասին մոլբերտների վրա նկարում էին մուլտֆիլմի հերոսներին: Մինչև համերգը կսկսվեր, հեքիաթային ուղղաթիռը Ազատության հրապարակը ողողեց գույնզգույն փուչիկներով:

Իսկ հետո մեկնարկեց օրվա ամենաերաժշտական հատվածը՝ «Գտնված մեղեդի» խորագրով համերգը և Ազատության հրապարակը լցվեց կախարդական երաժշտության հնչյուններով՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիիկ նվագախմբի կատարմամբ և մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Հնչեցին հատվածներ Չայկովսկու «Կարապի լիճը» բալետից, Գրիգի «Պեր Գյունտ» սյուիտից և Հանրային հեռուստաընկերության կողմից ցուցադրված արտասահմանյան և հայկական սիրված ֆիլմերից ու մուլտֆիլմերից երաժշտական համարներ՝ Ս. Շաքարյանի «Պինգվինաշեն», Ռ. Ամիրխանյանի «Պույ-պույ մկնիկը», Ռ. Հախվերդյանի «Գտնված երազը», ինչպես նաև «Կարիբյան ծովի ծովահենները», «Առյուծ արքն» և այլ սաունդթրեքեր:

Երաժշտական ստեղծագործությունների կատարման ընթացքում բեմում տեղադրված մեծ էկրանին ցուցադրվեցին համապատասխան ֆիլմերից ու մուլտֆիլմերից հատվածներ: Համերգի ընթացքում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարումներին միանավ Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային դպրոցի մանկական երգչախումբը (գեղ. ղեկավար՝ Կարինե Առաքելյան, խմբավար՝ Էմմա Առաքելյան): Համերգը վարեց հաղորդավար Արման Մարգարյանը:

Ուրախալի էր, որ կազմակերպիչները հնարավորություն ընձեռեցին  Արցախի և մարզերից եկած երեխաներին մասնակիցը դառնալու  այս օրվան: Թող որ մեր երեխաներն ունենան խաղաղ ու անամպ մանկություն և հունիսմեկյան ժպիտներն ու հեքիաթային պահերը միշտ ուղեկցեն իրենց:
 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր