211652_close_icon
views-count2043 դիտում article-date 13:51 27-05-2021

Արցախի արտգործնախարարը Ադրբեջանի կողմից հայ զինվորների գերեվարումը քաղաքական ահաբեկչություն է որակել

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ահաբեկչություն է որակել ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ինժեներական աշխատանքներ կատարող հայ զինծառայողների գերեվարումը ադրբեջանական զինված ուժերի կողմից: Այս մասին Արցախի արտգործնախարարը նշեց «Արմենպրես»-ի հետ զրույցում:

«Փաստորեն, Ադրբեջանը քաղաքական և աշխարհաքաղաքական ահաբեկչություն է կատարում: Նախևառաջ՝ նման քայլով Ադրբեջանը կրկին ցույց է տալիս, որ որևէ ողջամիտ ու քաղաքակիրթ ձևով չի ուզում և պատրաստ չէ իր հարաբերությունները կառուցելու Հայաստանի Հանրապետության հետ: Արդբեջանի կողմից շարունակվում են ահաբեկչական գործողությունները,  գերեվարվում են մարդիկ, որոնք պարզապես ինժեներական աշխատանքներ էին կատարում: Հայ զինծառայողներին, փաստորեն, առևանգում են, գերեվարում և հայտարարում, որ նրանք դիվերսանտներ են»,- ասաց Բաբայանը՝ համոզմունք հայտնելով, որ պատանդներ ու ռազմագերիներ վերցնելու Ադրբեջանի նպատակը կրկին նրանց դիվերսանտներ ու ահաբեկիչներ պիտակավորելու քաղաքականություն վարելն է: «Փորձում են նման կերպ բարդացնել Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, ժողովրդի մոտ վհատություն առաջացնել, անվստահության մթնոլորտ ստեղծել ապագայի նկատմամբ հատկապես կարևորագույն՝ ռազմավարական ու սահմանամերձ տարածքներում»,- նշեց Արցախի արտգործնախարարը:

Ըստ Բաբայանի՝  Արդբեջանի այդ պահվածքը  հարված է նաև ՀԱՊԿ-ին, որովհետև ահաբեկչություն է կատարվել նրա անդամ հանդիսացող երկրի զինված ուժերի զինծառայողների նկատմամբ:

«Սա հարված է նաև մեր եղբայրական երկիր Ռուսաստանին, որովհետև Արդբեջանը դրանով նորից, կարծես թե, մարտահրավեր է նետում Ռուսաստանին: Հասկանալով, որ Ռուսաստանը պետք է շատ հանգիստ մթնոլորտում այդ հարցը նաև կարգավորի ինչ որ տեղ նաև միջամտի, Ադրբեջանն այսպիսի դժվարություններ է ստեղծում, որովհետև ինքը որպես երկիր ահաբեկչական ու հայատյաց է և չի փոխվում»,- ասաց Բաբայանը՝ հավելելով, որ  միամտություն է հույս ունենալը, թե  Ադրբեջանը փոխելու է իր պահելաձևը և նրա այդպիսի պահվածքը շարունակական է:

Նմանատիպ նյութեր