Առուշանյանը կներկայանա՞ ՔԿ. փաստաբանը առաջադրված մեղադրանքն ապօրինի է համարում
Գորիսի քաղաքապետի փաստաբան Արմեն Մելքոնյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքներից մեկին, որի հիմքով նրան հրավիրել են հարցաքննության։
Առուշ Առուշանյանին ձերբակալությունը, նրան առաջադրված մեղադրանքը և դրան հաջորդած գործողությունները ապօրինի են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետի պաշտպան Արմեն Մելքոնյանը` մեկնաբանելով իր պաշտպանյալին Քննչական կոմիտե հրավիրելու հանգամանքը։
Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել դեկտեմբերի 21-ին ՀՀ վարչապետի այցը Սյունիքի մարզ խոչընդոտելու և ճանապարհ փակելու համար։
Մելքոնյանը կարծում է, որ հավաքի կազմակերպման հետ կապված մեղադրանքը փոխելու են, քանի որ փաստերը ապացուցում են, որ հավաքն անցկացվել է օրենքի տառին համապատասխան։
«Առանց ճշտելու` արդյո՞ք հավաքն օրինական է, օրինական չէ` հետաքննիչը որոշում էր կայացրել ձերբակալել Առուշանյանին, մինչդեռ հավաքի մասնակիցները գործել էին օրենքի շրջանակում»,- ասաց նա։
Նրա խոսքով` Գորիսի բնակիչները հավաքի նախօրյակին դիմել էին քաղաքապետարան, ստացել թույլտվություն, հետևաբար անօրինական ոչինչ չի եղել։
Փաստաբանը դեռ չգիտի` իր պաշտպանյալը կներկայանա Քննչական կոմիտե, թե ոչ։ Ասում է` ամեն ինչ կախված է հայ-ադրբեջանական սահմանային խնդիրների հանգուցալուծումից։
«Գիտեք` Առուշանյանն այս պահին որտեղ է գտնվում և ինչ խնդիր է լուծում, եթե մինչև այդ խնդիրները լուծվեցին, իհարկե, գնալու է, եթե ոչ`կարծում եմ` երկրի պաշտպանությունը շատ ավելի կարևոր է»,- հավելեց փաստաբանը։
Նշենք, որ այսօր մամուլում լուրեր տարածվեցին, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին մայիսի 24-ին հրավիրել են Քննչական կոմիտե` հարցաքննության։
Հիշեցնենք` 2020-ի դեկտեմբերի 21-ին իրավապահները Առուշանյանին բերման էին ենթարկել Գորիսի քաղաքապետին, որը գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում՝ կոչ անելով համաքաղաքացիներին արգելել վարչապետի մուտքը Սյունիք։ Այնուհետև նրան մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 225.1 (զանգվածային անկարգություններ կազմակերպելու) հոդվածով։